Քաշաթաղի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կրկին բողոքի ակցիա են կազմակերպել կռավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելու համար իրենց խնդիրները:
Քաշաթաղի շրջանի նախկին բնակիչ Արմեն Մովսիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջերից առաջինը իրենց փախստականի կարգավիճակ տալու հարցն է. «Հասկանանք, թե որն է մեր կարգավիճակը, որովհետեւ բռնի տեղահանվածը անհասկանալի կարգավիճակ է: Երկրորդ, մեր կորցրած գույքի փոխհատուցումների հարցն է, թե ոնց եւ երբ պետք է դա լուծվի: Մենք պահանջում ենք հանդիպում Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի հետ: Արդեն որերորդ դեպքն է, որ այդ հանդիպումները չեն կայանում: Փոխարենը տարատեսակ, 4-րդ, 5-րդ պլանի չինովնիկների հետ են հանդիպումներ լինում, որոնք ոչ մի հարց չեն կարող լուծել եւ ոչ մի պատասխան չեն կարող տալ: Մարդիկ արդեն շատ երկար ժամանակ է, որ այս վիճակում են:
Շատ-շատ են խնդիրները՝ սկսած տան վարձերից, պարազապետ գոյատեւելու վիճակից: Օրինակ, տան վարձերը տալու ծրագիր է նորից սկսել գործել, երկարացրել են 6 ամսով՝ հուլիսից: Հիմա սեպտեմբերն է, եւ դեռ ոչ մեկն այդ գումարը չի տեսել եւ կասկածում եմ, որ մոտ ժամանակներս որեւէ մեկը կտեսնի: Անձամբ ես շատ երկար ժամանակ ապրում եմ զուտ իմ ընկերների օգնությամբ, իմ ընկերները տան վարձը տալիս են, հետո էլ ոնց կապրենք՝ կապրենք»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ պատասխան է տալիս կառավարությունն այս հարցերին, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Կառավարության պատասխաններն այնքան լղոզված են, որ դժվարանում եմ դրանք պատասխանն համարել: Ասում են՝ լավ կլինի: Լավ, իհարկե, չի լինի, բայց գոնե այն վատի սահմանն ենք ուզում հասկանալ:
Օրինակ, բնակարանային փոխհատուցումները մինչեւ 10 մլն է գրված: Մի քանի հոգի որոշել են տուն գնել, 4-5 հոգի այդ գումարները ստացել են, փորձել են տուն գնել, եկել, գնահատել են, եւ այդ գինը իջել է մի քանի անգամ: Դու չես կարող մարդուն ասել՝ քո տունը մի վաճառի այդ գնով, վաճառի այս գնով, որովհետեւ կառավարությունն այդ գինն է հարմար գտնում:
Իմ կարծիքով Հայաստանի բնակչության մեծամասնությանը չի էլ հետաքրքրում այս ամենը: Քանի դեռ այդ արհավիրքը չի գալիս քո դուռը, դու չես հասկանում՝ դա ինչ է: Այսօր գնում ես Սիսիան, այնտեղ թուրք ես տեսնում: 5 տարի առաջ Արցախը այդ խնդիրը լուծում էր, որ գոնե Սիսիանում թուրք չկար: Այսօր թուրքն ամենուր է: Ես վախենում եմ, որ վաղը մասիվ կհասնեն ու մենք էլի կմնանք անտարբեր: Կենտրոնի ապրողները չեն հասկանա, որ արդեն մասիվում են»:











