Քրիստոսի արձանը տեղադրելու թույլտվության դիմում չենք ստացել։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին նախարարության կողմից արձանի հաստատված  նախագիծ չկա։

«Մենք պարզապես ասել ենք, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում արձանի մանրակերտի հրապարակման մեջ։ Յուրաքանչյուր ոք կարող է տեղադրել իր մանրակերտը։ Մենք դրա հետ կապ չունենք»,-ասաց Դումանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը:

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծին: Այն նախաձեռնել է հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը: Թեեւ Հայ առաքելական եկեղեցին դեմ է արտահայտվել նման արձանի տեղադրմանը, այդուհանդերձ, հուշարձանը կկառուցվի: