Ինձ ԵՊՀ-ում աշխատանքից հեռացնելու փորձերը քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Նա պարզաբանեց, որ ռեկտորի մոտ են հրավիրվել դեկանն ու ամբիոնի վարիչը, որն ասել է, որ չի ցանկանում իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել։
«Հետո ռեկտորն ասաց, որ ես շատ եմ խոսում իրենց մասին՝ նկատի ունենալով իրեն եւ նախարարին։ Եվ ես իսկապես քննադատում էի նրանց։ Ռեկտորը հանձնարարեց դեկանին փոխանցել, որ այլեւս չխոսեմ իր ու նախարարի մասին՝ սպառնալով չստորագրել պայմանագիրը։ Դեկանին պատասխանեցի, որ չեմ դադարի քննադատել, քանի որ նրանց գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի կրթական համակարգի համար։ Հիմա ռեկտորն, իբր, ինձ լավություն է անում, ուզում է ինձ հետ պայմանագիր կնքել քառորդ դրույքով (թերի 50 հազար դրամ), իսկ ինքն այդ ընթացքում ստանում է 1 միլիոն դրամից ավելի»,-հավելեց Սրապիոնյանը։
Դասախոսն ասաց, որ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ոչ ոք չի ասել, թե ինչ խոսել, իսկ այսօր համատարած հետապնդումներ են իրականացվում։











