ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աճի ֆոնին Թուրքիան եւ Ադրբեջանը բաց չեն թողնի մեր երկրի դեմ ագրեսիվ գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Արժանի հակահարվածի պատրաստվելու փոխարեն Հայաստանի իշխանությունները  44-օրյա պատերազմից հետո մեր բնակչությանը պարտադրում են խաղաղություն ամեն գնով՝ տրվելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշմանը։ Այս մասին  սեպտեմբերի 12-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունների «Հայաստանի իրական օրակարգը» համատեղ քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Բայց դա նույնպիսի կեղծ օրակարգ է, ինչպիսին կար մինչեւ 44-օրյա պատերազմը, ինչի հետեւանքով մենք ստացանք պատերազմ եւ պարտություն։ Օգտվելով Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականությունից՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների հարցերը շաղկապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի պահանջների հետ։  Այդ պահանջները կապված են Արցախի ապառազմականացման, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Զանգեզուրի միջանցք տրամադրելու, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ եւ Լաչինի միջանցքը, եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների (այսպես կոչված անկլավների) հանձնման հետ։ Իսկ Թուրքիան, իր հերթին, պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից եւ փորձում է հաստատել Կարսի պայմանագրի դրույթները։

Ստեղծվել է ռազմաքաղաքական իրավիճակ, երբ Հայաստանի եւ Արցախի անվտանգության սպառնալիքի վրա ազդում են ոչ միայն աշխարհաքաղաքական գործընթացները եւ տարածաշրջանային դերակատարների գործողություններն ու ճնշումները, այլեւ գերակա խնդիրների անտեսումը Հայաստանի իշխանությունների կողմից, ինչպես նաեւ ձախողակ պետական կառավարումը, որն, անշուշտ, ինքնիշխանության կորստի եւ հայերին Արցախից քշելու առիթ կդառնա։

Հայաստանի նորագույն պատմությունն աչքի էր ընկնում Արցախի անկախության եւ ինքնորոշման համար ձեռք բերված հաղթանակի արդյունքում ձեւավորված անվտանգային միասնական համակարգով եւ տնտեսությամբ Հայաստանի եւ Արցախի միջեւ՝ զարգացման լայն պոտենցիալով, որտեղ Արցախը Հայաստանի արեւելյան սահմանի անվտանգության համակարգի սահմանային օղակն էր, իսկ Հայաստանը՝ Արցախի անվտանգության երաշխավորը։

44-օրյա պատերազմի հետեւանքով փոխվել է անվտանգության միջավայրը Հայաստանի եւ Արցախի միջեւ։ Ռազմական հավասարակշռության խախտման հետեւանքով Ադրբեջանի ախորժակը գրգռվել է, իսկ Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է տարածաշրջանային գործընթացներում՝ ձգտելով ձեւավորել 3+3 բանաձեւը։

Հայաստանն այլեւս  Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Այսօր արդեն կանգնած է մեկ այլ հարց. արդյո՞ք Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է։

Անցյալում առկա հավասարակշռությունը 4 շերտից, մասնավորապես՝ բանակ, հայ-ռուսական հարաբերություններ, ՀԱՊԿ, դիվանագիտություն ԵԱՀԿ ՄԽ-ի շջանակում եւ  տնտեսաքաղաքական համակարգ, այսօր փլուզվել է։

Բանակի ֆունկցիոնալ ազդեցությունը, որը լուրջ մրցակցային հնարավորություններ ուներ, թուլացել է։ 2018-ից երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները (Ռուսաստան, ՀԱՊԿ, հարեւաններ) հետեւողականորեն փչացել են։ Դիվանագիտությունը գրանցել է ձախողումներ, անտեսվել է բանակցային հսկայական պոտենցիալը, որը գործընթացը հասցրել է փակուղու եւ թշնամուն ռազմական ուժի դիմելու հնարավորություն է տվել։

Շուշիի հռչակագիրը Թուրքիային թույլ է տվել հանդես գալ բացառապես ադրբեջանամետ դիրքերից։ Անկարան չի դիմել ուղիղ ռազմական ագրեսիայի Հայաստանի դեմ միայն ռուսական գործոնի պատճառով»,- ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը։