Այս պայմաններում Հայաստանում առաջին քայլը գիտակից հանրության մոբիլիզացիան է. մենք պետք է ուղերձներով խոսենք ժողովրդի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
«Երկրորդ, շատ կարեւոր է ոչ իշխանական համակարգի եւ իշխանության երկխոսությունը: ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը շատ հետաքրքիր հարցադրում է արել, ասում է՝ եղբայր, եթե Փաշինյանը Պուտինին Ալիեւի ներկայությամբ բանավոր ինչ-որ բան չի խոստացել, պետք է ասվի, որ չի խոստացել: Եթե խոստացել է, դա էլ պետք է ասվի, որ խոստացել եմ եւ ելք չունեմ: Այդ դեպքում Օսկանյանն առաջարկում էր վարչապետի հեռացումը, գուցե այլ ելքեր կան, բայց մենք պետք է խոսենք դրա մասին:
Ես առաջարկել եմ, որ ընդդիմությունը պետք է պահանջի ԱԺ փակ նիստ վարչապետի, ԱԳ նախարարի, գուցե նաեւ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Պետք է դիալոգը գնա, պետք գոնե փակ դահլիճում այդ հարցի պատասխանը պոկեն՝ դու բան խոստացե՞լ ես, ի՞նչ ես բանակցություններում խոստացել, որը մենք չգիտենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, որ այս իշխանության հետ ոչ մի քննարկման չի գնա, Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես չեմ ասում գնալ ու միասին աշխատել, այլ մի օր մեկ դահլիճում փակվել խոսել, որից հետո առարկայական խոսել հանրության հետ: Շատ կարեւոր է, որ ՔՊ-ն դահլիճում լսի իր ղեկավարից՝ բան խոստացել է, թե ոչ: ՔՊ-ում լիքը մարդիկ մեզ նման անհանգստացած են: Հակառակ դեպքում բոլորս բամբասում ենք՝ կռիվ կլինի, թե չի լինի, ով էր մեղավոր, Պուտինն է մեղավոր, թե Բայդենը:
Պետք է թույլ չտալ, որ Հայաստանը Սիրիայի վերածվի, աշխարհում բարկադավորվողները շատ են, գոնե մեր փոքր երկրում դա չլինի:
Նման պայմաններում կամ անհատն է իր վրա վերցնում պատասխանատվությունը, կամ կոլեգիալ մարմինը: 10-20 հոգանոց ճանաչված, սոլիդ մարդկանցով կոլեգիալ մարմին են ստեղծում: 1988-1990 թվականներին Ղարաբաղ կոմիտեն կոլեգիալ մարմին էր, որը գրեթե իշխանություն էր եւշատ կարեւոր դեր կատարեց: Անհատ չի ծնվելու, պետք է գնալ կոլեգիալ մարմնի ճանապարհով»:
Ինչ վերաբերում է նրան, որ արդեն իսկ հանդիպել են նախկին նախագահները, Վեհափառը, նա նկատեց. «Կա փաստ եւ կա արդյունք. Եթե նախկին նախագահները, Վեհափառը հանդիպեն, դա փաստն է, ինչ պրոդուկտ կտան, նոր կխոսենք՝ արդյունավետ էր, թե ոչ: Կարող է հանդիպեն, ցրվեն գնան, այդ դեպքում դա մեզ ոչինչ չի տալու: Եթե այդ հանդիպումների արդյունքում կծնվի ճանապարհային քարտեզ, որ արեք այս-այս կետերը եւ դա մեզ թույլ կտա խուսափել վատագույնից, ես դա կողջունեմ: Հաշված օրեր ու ժամեր է մնացել:
Մենք 44-օրյա պատերազմից հետո ուշքի չեկանք, մնացին քարշ եկող հանրություն: Չի կարող պետությունը անընդհատ մնալ անցումային փուլում, պատերազմի փուլում: Մենք պատերազմից հետո պատերազմի էջը չփակեցինք: Եթե մենք անեինք լուրջ հետեւություններ, կփակեինք պատերազմի էջը եւ կբացեինք հետպատերազմյան Հայաստանի էջը: պատերազմից հետո 680 հազար մարդ քվեարկել է պարտված իշխանության օգտին: Մի այդքան մարդ էլ մնացել է տանը: Դա կոչվում է կենցաղային հասարակություն, բայց ես հույս ունեմ, որ հիմա կրիտիկական այս պահին մեզ կհաջողվի դա անել»:
Վահե Հովհաննիսյանը խոսեց նաեւ Իրանի գործոնի մասին, թե արդյոք կարող ենք Իրանից նաեւ ռազմական օգնություն ակնկալել. «Այդ հարցերի պատասխանը կարող է տալ միայն իշխանությունը, քանի որ միայն իշխանությունը կարող է Իրանի հետ ստվերային աշխատել: Իրանը բարդ երկիր է, նա սիրում է իր հետ լուռ աշխատեն: Ես չգիտեմ՝ այդ աշխատանքն արել են, թե ոչ, ես չգիտեմ: մենք կարող էինք Իրանի հետ անել համատեղ զորավարժություններ Սյունիքում, կարող էինք նոր թափ հաղորդել Սյունիքում տնտեսական ազատ գոտուն, կարող էինք Իրանի հետ ստորագրել նոր ճանապարհների, երկաթգծի, թունելների վերաբերյալ՝ ցույց տալու համար, որ մենք Սյունիքում ենք հավերջ եւ Իրանի հետ մեծ նախագծեր ենք անում: Այդ դեպքում Իրանի լեզուն երկար կլիներ, կասեր՝ ես իմ շահերը կարող եմ պաշտպանել նաեւ զորքով»:











