Ներկայիս սահմանները բառիս գլոբալ իմաստով կփոխվեն, կձեւավորվեն նոր սահմաններ, նոր դաշինքներ։ Մենք արդեն այդ գործընթացների ականատեսն ենք դառնում թե՛ Ուկրաինայում, թե՛ մեր տարածաշրջանում։ Հայաստանն այս իրավիճակին ամենավատ դիրքերից է մոտեցել։ Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչեւ ԽՍՀՄ փլուզումը գոյություն է ունեցել երկբեւեռ աշխարհ, որը փոխարինվել է միաբեւեռ աշխարհով՝ ԱՄՆ-ի հեգեմոնիայով։

Նրա գնահատմամբ՝ Բրիտանիան, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը փորձում են վերականգնել իրենց կայսրությունները եւ իրենց նախկին տարածքների սահմանները։ Բրիտանիան, Իրանը, Թուրքիան դա անում են չթաքցնելով իրենց մտադրությունները։ Այս գործընթացներին միացել են Չինաստանը եւ տարածաշրջանի մի շարք այլ տերություններ։

«Բրիտանիան այստեղ փորձում է իրականացնել մի նախագիծ, որը կձեւավորի միասնական ճակատ՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Իրանում ու Վրաստանում ադրբեջանական խմբերի՝ Իրանին թուլացնելու, իսկ ավելի լավ է՝ ոչնչացնելու նպատակով։

Բրիտանիան Ռուսաստանն արբանյակ դարձնելու ու մասնատելու նպատակ է հետապնդում։ Այս նախագծում ներառված է նաեւ Լեհաստանը։ Գերմանիան՝ որպես Եվրոպայի հեգեմոն, կարող է թուլանալ եւ անցնել ԱՄՆ-ի ամբողջական տնտեսական վերահսկողության տակ։ Փորձ է արվում սնանկացնել մայրցամաքային Եվրոպան եւ ամբողջ աշխարհից արտադրական օբյեկտներն ԱՄՆ վերադարձնել։

Ռուսաստանը նաեւ Ուկրաինան տեսնում է որպես գաղափարական սպառնալիք, քանի որ ժամանակ առ ժամանակ փորձում են Ուկրաինան ներկայացնել որպես այլընտրանքային Ռուսաստան, որտեղից կարող է սկսվել Ռուսաստանի Դաշնության փլուզումը»,- ընդգծեց վերլուծաբանը։