Չինական լուսանկարիչների 8KRAW ասոցիացիայի էնտուզիաստները իրականացրել են աշխարհում առաջին արշավը դեպի Էվերեստի գագաթ, որի հիմնական մասնակիցը դրոն է եղել, հայտնում է The Register-ը։
Լուսանկարիչներն ընտրել են DJI Mavic 3 սարքը: Քանի որ այս անօդաչու սարքի գործարանային բնութագրերը թույլ չեն տալիս այն բարձրանալ ծովի մակարդակից 6 հազար մետրից եւ գործել մինուս 10 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանում, էնտուզիաստները ստիպված են եղել փոփոխել արտադրական մոդելը:
Նշվում է, որ դրանում նրանց օգնել է DJI-ն։ Արտադրողը չի պատասխանել լրագրողների հարցերին, թե հստակ ինչ է փոխվել Mavic 3-ում, որպեսզի այն կարողանա բարձրանալ 8,9 հազար մետր լեռնագագաթ եւ դիմակայի ցածր ջերմաստիճաններին:
Ինչ էլ որ լինի, լուսանկարիչներին հաջողվել է անօդաչու թռչող սարքը բարձրացնել 9,2 հազար մետր բարձրության վրա եւ թռչել Էվերեստի շուրջ՝ միաժամանակ նկարահանելով լեռը գեղեցիկ անկյուններից։ Ստացված կադրերը մոնտաժվել են երեք րոպեանոց տեսանյութի մեջ, որը հրապարակվել է DJI YouTube-ի պաշտոնական ալիքում։











