Մինչեւ տարեվերջ Երեւանում կլինեն լրացուցիչ 8,5 մետրանոց ավտոբուսներ՝ 165 միավորի չափով եւ 30 տրոլեյբուս։ Այս մասին հոկտեմբերի 18-ին Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

«Մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը քաղաքում կգործի 87 տասներկումետրանոց ավտոբուս։ Այս ավտոբուսները 90 տոկոսով կհամալրեն տրանսպորտային ցանցը»,-ասաց նա։

Սարգսյանը նաեւ մատնանշել է ավտոբուսների սպասարկման հետ կապված խնդիրները։

«Հիմա պահեստամասերը Երեւանում են, բայց մաքսատանը խնդիրներ կան։ Հուսով եմ՝ այս խնդիրները շուտով կլուծվեն, եւ կշահագործվեն այն ավտոբուսները, որոնք ներկայումս չեն գործում»,-հավելեց պաշտոնյան։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ տրանսպորտային խնդրի ոլորտում լարվածությունը զգալիորեն կթուլանա։