Ռուսաստանը Արեւմուտքին եւ Թուրքիային Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու որեւէ նպատակ այսօր չունի։ Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հիմա զբաղվել Արեւմուտքին դուրս մղելով ղարաբաղյան հակամարտության գոտուց, որտեղ նրա ներկայությունն առանձնապես չի զգացվում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակներում ասաց ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

Նա Ռուսաստանին կոչ է անում չկորցնել ակտիվությունը եւ չկորցնել խաղաղության ջանքերի ինտենսիվությունը։ Սկակովն ամենաօպտիմալն անվանեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի համաձայնությունն այս հարցում։ Փորձագետը իմաստ չի տեսնում, որ Արեւմուտքը զբաղվի Ռուսաստանին այս խաղաղ գործընթացից դուրս մղելու գործով։

«Նույն կերպ, ես իմաստ չեմ տեսնում, որ Ռուսաստանը զբաղվի Արեւմուտքին այս գործընթացից դուրս մղելով: Ռուսաստանն ու Արեւմուտքը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը, եւ այդ ժամանակ շատ հեռավոր ապագայում առաջընթացն ու հաջողությունը հասանելի կլինեն։ Առաջիկա 2-3 տարում ես նման հեռանկար չեմ տեսնում»,- ընդգծեց նա։

Սկակովը դժվարացավ ասել, թե կհաջողվի արդյոք Ռուսաստանին վերադարձնել նախաձեռնությունը խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում՝ դա կապելով Ռուսաստանի ակտիվության հետ, եւ այն բանի հետ, թե որքանով են նրա քայլերը համարժեք այն իրավիճակին, որը կստեղծվի այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում:

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունը, նրա գնահատմամբ, լավ հիմք է դրել հետագա խաղաղ գործընթացի հնարավորության համար, որը չի օգտագործվել այնպես, ինչպես կարելի էր։ «Այստեղ մեղքը Մոսկվայի որոշակի պասիվության մեջ է։ Եթե Մոսկվան ակտիվ լինի, ուրեմն նա հաղթաթղթեր կունենա՝ ի դեմս լավ հարաբերությունների եւ վստահության՝ թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ»,- պարզաբանեց ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրենը։

Նրա խոսքով, այնպիսի առաքելություններ, ինչպիսին ԵՄ առաքելությունն է, լուրջ նշանակություն ունեն, եւ եթե դրանք չլինեն, կողմերը կարող են միմյանց մեղադրել, կարող են ինչ ասես անել ու ասել, բայց այդ ամենն անապացուցելի կլինի։

Նա մատնանշեց տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից չեզոք առաքելության կազմակերպման կարեւորությունը։ «Ինչ վերաբերում է հենց կազմակերպություններին, ապա, այո, իհարկե, սկզբում հարց ծագեց ՀԱՊԿ ռազմական դիտորդների առաքելության մասին։ Ասվեց, որ հնարավոր է սահմանին մոնիտորինգի աշխատանքային խմբի ստեղծում։ Բայց դա մնաց հայտարարությունների մակարդակում, որոնք կյանքի չկոչվեցին։ Քանի որ դա չարվեց ՀԱՊԿ-ի կողմից, ուրեմն ի հայտ եկան այլ ցանկացողներ։ Կարծում եմ, որ ամենալավը ոչ թե նախագծերի մրցակցությունն էր, այլ առաքելության միասնական նախագիծը, որին կմասնակցեին տվյալ տարածքում խաղաղությամբ շահագրգիռ բոլոր կողմերը։ Նման առաքելության առկայությունը զսպող գործոն կլիներ բոլոր կողմերի համար։ Իսկ այսպես, հնարավոր են հակասական հայտարարություններ առաքելության կողմից, եւ ագրեսիվ կողմը կկարողանա խաղալ դրա վրա»,- ընդգծեց Սկակովը։

Նա հիշեցրեց, որ ի սկզբանե եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում էին Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։ «Այժմ այս ձեւաչափի աշխատանքները արգելափակված են, մի կողմից՝ Ադրբեջանի ցանկության պատճառով, քանի որ նա գոհ չէ խմբի աշխատանքից։ Մյուս կողմից, դրանք արգելափակված են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների պատճառով, որոնք գտնվում են ամենացածր կետում։ Ուստի հիմա խաղաղ կարգավորման նախագծի մրցակցություն է։ Այս դեպքում Ռուսաստանը խանդով է վերաբերվում Արեւմուտքի հաջողություններին կամ նոր հնարավորություններին։ Եվ հակառակը»,- եզրափակեց փորձագետը։