Հաճախ մենք բանակցային գործընթացը համարում ենք երկու տարբեր առաջարկների, տարբեր առաքելությունների միջեւ ընտրություն, որ պետք է նայել, թե ինչ են առաջարկում այդ տարբեր կողմերը, ինչ պարամետրեր ունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը:
«Երկուսն էլ ինչ-որ զիջումներ են ենթադրում հայկական կողմից, երկուսի մեջ էլ պարամետրեր կան, որ մեզ հաճելի չեն: Այստեղ միայն պարամետրերի համեմատությունը չի կարեւոր: Այստեղ այդ տարբեր լուծումների ընտրությունը նաեւ միջնորդներից մեկի օգտին ընտրություն է նշանակում, եւ դա հենց այդ համատեքստում պետք է հասկանալ: Այսինքն չի կարելի լուծումների բովանդակությունն անջատել այն հարցից, որ այս կամ այն միջնորդի օգտին ստրատեգիական ընտրությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից առաջարկվող տարբերակների մասին, Արմեւ Գրիգորյանն ասաց. «Նախ, մենք 100 տոկոսանոց տեղեկություն չունենք, թե դրանք ինչից են բաղկացած, բայց որոշ բաներ ուրվագծվում են: Պատերազմից հետո Ռուսաստանը միշտ հանդես է եկել հօգուտ այն տեսակետի, որ այսօր կարգավիճակի հարց լուծել չի կարելի եւ հնարավոր չէ: Ավելի ողջամիտ է կարգավիճակի հարցը առկախել, կենտրոնանալ խաղաղության պայմանագրի, հարաբերությունների կարգավորման վրա, որից հետո ինչ-որ ժամանակ անց, ինչ-որ համագործակցության փորձ ունենալուց հետո, ավելի հեշտ կլինի կարգավիճակի հարցը քննարկելը: Բնականաբար, այստեղ ռուսներն իրենց շահերն ունեն, եթե կարգավիճակի հարցը փաթեթով լուծվում է, ռուս խաղաղապահների մանդատը դառնում է կասկածելի: Գիտենք, որ ռուսները շահագրգռված են Արցախում իրենց ներկայությունը պահպանելով»:
Նրա խոսքով, բոլոր նշանները ցույց են տալիս, որ Արեւմուտքի առաջարկած տարբերակը կարգավիճակի հարցում ենթադրում է փաթեթային լուծում, Ադրբեջանի սուվերենության ճանաչում Ադրբեջանի վրա. «Եվրոպացի գործիչները անգամ Լեռնային Ղարաբաղ եզրույթը չեն օգտագործում, խոսում են էթնիկ հայ բնակչության մասին, մշակութային հարցերի եւ անվտանգության երաշխիքների մասին է: Հստակ չէ, թե արդյոք որեւէ կարգավիճակ ԼՂ-ն կունենա, թե ոչ Ադրբեջանի կազմում:
Եթե կարգավիճակի խնդրից ենք նայում, ապա Ռուսաստանի տարբերակը շատ ավելի պակաս տհաճ է մեզ համար, քան Արեւմուտքի առաջարկածը: բայց այստեղ արեւմտյան տարբերակի կողմնակիցները խոսում են այն մասին, որ նույնքան կարեւոր է Սյունիքի միջանցքի հարցը, որտեղ Արեւմուտքի դիրքորոշումները շատ ավելի համապատասխանում են մեր շահերին: Արեւմուտքը պնդում է, որ սուվերեն միջանցք չպետք է լինի, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը պետք է լինի հայկական վերահսկողության տակ: Ռուսական միջնորդության հակառակորդները պնդում են, որ խոսվում է ռուսական վերահսկողությամբ էքստրատերիտորիալ միջանցքի ստեղծման մասին, որը մեզ համար ավելի մեծ խնդիր է, քան Արցախի կարգավիճակի հարցը: Եվ եթե խոսքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ նման միջանցքի ստեղծումը կանխելու մասին, նրանք պատրաստ են նաեւ Արցախի հարցում զիջումների: Տպավորություն է, որ սակարկությունն այդ երկուսի միջեւ է:
Ես չեմ կարծում, որ դեպքերի նման զարգացման պարագայում Արցախի հայությունը կմնա այնտեղ: Բայց ասվում է, որ դա պակաս սարսափելի արդյունք է, քան Իրանի հետ սահմանի կորուստը»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ աստեղ ավելի կարեւոր խնդիրը միջնորդի ընտրության հարցն է, որը կարող է ունենալ բավական լուրջ հետեւանքներ՝ անկախ նրանից, թե մենք որ տարբերակն ենք համարում ավելի պակաս դառնահամ:
Քաղաքագետի ներկայացմամբ, եթե մենք համաձայնում ենք Արցախում իրավիճակը սառեցնելուն, ինչը ենթադրելու է Լաչինի միջանցքի պահպանում. «Դա մեր բանակցային դիրքորոշումը թուլացնում է այն առումով, որ մենք դա պնդելու պարագայում չենք կարող պնդել, որ նմանատիպ միջանցք Ադրբեջանին չենք տրամադրելու»:











