Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալել են միայն այն պատճառով, որ նա բարեխղճորեն կատարել է իր մասնագիտական եւ օրինական պարտականությունները։ Ահա այսպիսի իրողության հետ ենք մենք ստիպված գործ ունենալ։ Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։
Իրավաբանի կարծիքով՝ Ալեքսանյանի ձերբակալության համար դատարանը ոչ մի հիմք չուներ։ Ղարագյոզյանի խոսքով՝ մարդուն կարող են մեկուսացնել հասարակությունից նրա համար, որպեսզի կասեցնեն նրա փախչելու հնարավորությունը, հնարավոր միջամտությունը դատավարությանը, մասնավորապես՝ ապացույցների ներկայացման գործընթացին, ինչպես նաեւ նոր հանցավոր արարքը։
«Ավելի քան ակնհայտ է, որ կոնկրետ այս դեպքում վերը թվարկված հիմքերից ոչ մեկը չկա։ Մենք գործ ունենք օբյեկտիվ իրականության հետ»,- ասել է փաստաբանը՝ ավելացնելով, որ դատարանը, վճիռ կայացնելիս, փաստորեն առաջնորդվել է մի ինչ-որ այլ հիմքով, որը պարազապես նախատեսված չէ գործող օրենսդրությամբ։











