Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձ՝ անկախ նրանից որեւէ այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է, որ Հայաստանը չի կարող դրան անտարբեր լինել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը:
«Հայաստանը եւ Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են, ուստի բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ «Russia Today»-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը եւս արգելվել է Հայաստան, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում, որ թե ինքը, թե իր ամուսինը, թե հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ ու մանկուրտներ եւ տարբեր մարդիկ, որոնք Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսեւորեն, ՀՀ անկախության նկատմամբ, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ, ի դեպ, մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն... Ի դեպ, ձեր ընդդիմադիր գործընկերները շատ են փորձում տարբեր մարդկանց պաշտպանել, կարող է մի օր ջղայնանամ ու պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում, թե ինչեր են ասում: Վստահ եմ՝ իրենց դուր չի գա ու խորհուրդ եմ տալիս ավելի քիչ պաշտպանել»:
Դիտարկմանը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, ԱԺ նախագահն ասաց. «Հայաստանը ենթարկվում է հարձակման եւ անվտանգության համակարգը, որի մեջ է Հայաստանը, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում: Ինձ որեւէ մեկի տրամադրությունը, բացի իմ երկրի անվտանգությունից հետաքրքիր չէ: Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ եւ այն պարտավորությունները, որ մեր գործընկերները վերցրել են, պետք է ի կատար ածվեն: Դա էէ իմ հիմնական նպատակը: Թե ինչ-որ մեկը կնեղանա, թե ինչ-որ պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա, դա շատ երրորդական, չորորդական հարց է»:











