2023 թվականին Հայաստանի ոստիկանությանը գումար կհատկացվի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն ապահովելու նպատակով հատուկ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Մրցույթը, ըստ փոխոստիկանապետի, արդեն հայտարարված է։
«Եթե չեմ սխալվում, հայտարարված մրցույթը կբացենք արդեն նոյեմբերի 7-ին»,- ասաց նա։
Այս որոշումը շատ հավանեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը համոզված է, որ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում օպերատիվ ծառայությունները հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու ավելի լայն հնարավորություններ կստանան։











