Չեմ կարծում, որ Լուկաշենկոյի հայտարարությունը Հայաստանին էր ուղղված, խոսքը Հայաստանի մասին չէ, այլ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ Մինսկի հարաբերությունների։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Լուկաշենկոն սեփական օրակարգ ունի, դա չի վերաբերում Հայաստանին, այլ վերաբերում է Բելառուսին։

Ինչպես հիշեցրեց փորձագետը, Լուկաշենկոն հայտնի է նրանով, որ նման բառեր կարող է անընդհատ օգտագործել տարբեր երկրների, տարբեր տարածաշրջանների հանդեպ, տարբեր ուղղություններով, տարբեր նշաններով՝ «պլյուսով եւ մինուսով»։

«Եվ նրա մտահոգությունը ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն է, այլ Բելառուսի գոյության շարունակումն այն ծայրահեղ բարդ իրավիճակում, որում Բելառուսն այժմ գտնվում է։ Իսկ նրա այդ ուղերձը բոլորովին էլ Փաշինյանին չէ ուղղված։ Չեմ կարծում, թե նա ընդհանրապես շատ մտահոգված է նրանով, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում։ Նրա ուղերձն ուղղված էր ռուսներին ու Ալիեւին։ Բելառուսն անընդհատ փորձում է ինչ-որ բանի հասնել Ադրբեջանից եւ հասնում է»,- պարզաբանեց Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հետ, հայտարարել էր, որ Բելառուսը կաջակցի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը պետք է լուծել հիմա՝ Իլհամ Ալիեւի հետ, մի առաջնորդ, որի հետ կարելի է պայմանավորվել։ Մենք շատ սերտ կապեր ունենք մեզ մտերիմ ուղղափառ Հայաստանի հետ։ Եվ մեզ շատ մտերիմ Ադրբեջան մահմեդական պետության հետ»։