Յորք այցի ժամանակ թագավոր Չարլզ III-ի ուղղությամբ ձու են նետել։
Daily Mail-ը գրում է, որ այն պահին, երբ միապետին եւ նրա կնոջը ողջունել են քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները, ամբոխից մի տղամարդը նրանց ուղղությամբ ձու է նետել։
Ձուն թռչել է Չարլզ III-ի թիկունքով, հարվածել գետնին եւ կոտրվել։
Ձու նետած անձին ձերբակալել են։ Մինչ նրան գետնին էին սեղմում իրավապահները, նա բղավում էր՝ «Այս երկիրը կառուցվել է ստրուկների արյան վրա»։
Նրա կարծիքը չէին կիսում հավաքվածները, որոնք վանկարկում էին՝ «Աստված պահապան թագավորին»։
Թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի-կոնսորտ Կամիլան Յորք են ժամանել Եղիսաբեթ II-ի հուշարձանի բացման արարողությանը՝ Յորքշիր կոմսությունում շրջագայության շրջանակում:











