Ֆլորիդայում բիրմայական հսկա պիթոնի ներսում ամբողջական ալիգատոր է հայտնաբերվել: Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։
Տեսանյութը Instagram-ում հրապարակել է երկրաբան Ռոզի Մուրը։ Նա FOX 35-ին պատմել է, որ տեսանյութը նկարահանվել է ամիսներ առաջ, սակայն ինքը միայն վերջերս է տեղադրել այն համացանցում: «Այս կոնկրետ պիթոնը մոտավորապես ավելի քան 5 մ երկարություն է ունեցել եւ կերել է 1,5 մետրանոց ալիգատորին»,- գրել է Մուրը Instagram-ում:
Նրա խոսքով՝ պիթոնը հայտնաբերվել է Ֆլորիդայի Էվերգլեյդսում։ Նրան քնեցրել են եւ տեղափոխել հետազոտական լաբորատորիա՝ դիահերձման եւ գիտական նմուշներ վերցնելու համար։
Կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի գիտնականներ գնահատում պիթոնի ստամոքսի մեծ ուռուցիկությունը՝ նախքան այն բացելը, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմեն ներսում եղածի մասին: Այնուհետեւ ամբողջական ալիգատորին հանում են պիթոնի մեջից:











