Մենք նախ ամբողջությամբ դուրս չէինք եկել խորհրդարանից. Այո ծավալների որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետեւ ակտիվ փողոցային պայքարի մեջ էինք. Ակտիվ փողոցային պայքարը որոշակի դադար է վերցրել եւ մենք  փոխել ենք ծավալները ԱԺ-ում մեր աշխատանքների մասով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով նրան, որ երկար դադարից հետո այսօր խորհրդարանական ընդդիմությունը դադարեցրել է բոյկոտը եւ վերադարձել խորհրդարան:

«Մեր նպատակներում փոփոխություն չի եղել, այն շարունակում է մնալ այս իշխանությունների հեռացումը: Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում իր օրակարգով է, այդ օրակարգերը վերաբերում են Արցախին, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին, մեր քաղաքացիներին, մեզ ձայն տված շուրջ 300 հազար ձայն տված քաղաքացիների հարցերին: Մեր քայլերի, մեր  նպատակների մեջ որեւէ փոփոխություն չի եղել: Մարտավարական որոշակի փոփոխություններ կարող են լինել, որովհետեւ պրոցեսների ընթացքում կարող են րձանագրվել որոշակի շեղումներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն արձանագրում են,մ որ գլուխները կախ ընդդիմադիրները եկան խորհրդարան, Խամոյանն ասաց. «Ես առաջարկում եմ Ալիեւի առաջ խրոնիկ գլուխ կախողները չխոսեն ընդդիմության գլուխ կախելու մասին: Մենք թույլ չենք տալու մեծամասնությանը վերցնելու այն քվեն, որը մեզ տվել է շուրջ 300 հազար քաղաքացի: Մեզ տվել է քվե, որ մենք հեռացնենք այս իշխանություններին: Դա հեշտ չէ, բարդ է, բայց մեր նպտակների մեջ փոփոխություն չի արձանագրվել: Այո, այս փուլում չենք հաջողել, բայց պայքարը շարունակվում է: Հետեւություններ, եզրակացություններ անում ենք»:

Հարցին, թե արդյոք իրենք մասնակցելու են վաղը կառավարության հետ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել»: