Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հրավիրված ասուլիսին ասաց Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նա ասաց, որ առաջին դրվագը 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային է վերաբերում, երկրորդ դրվագը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետեւանքով կորուստներին։
«Հակահարձակման օպերացիայի հետ կապված մեղադրանքը մի քանի տարրեր է պարունակում։ Տարրերից մեկն այն է, որ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակման օպերացիա այն պայմաններում, երբ ուժերի հարաբերակցությունը իբր եղել է 1։5-ին՝ հօգուտ հակառակորդին, այսինքն՝ մենք առերեւույթ հնարավորություն չենք ունեցել հաջողության պսակելու այդ հակահարձակումը, եւ, որ հակառակորդի ուժերի այդպիսի առավելության պայմաններում նման գործողությունը հակասում էր մեր գործող նորմատիվ իրավական ակտերին։ Հակահարձակման օպերացիան , որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռեւս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով, առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Երբ այդ ծրագիրը կազմվել է, նույն ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելության մասին 1։2,4-ի հարաբերակցությամբ. այսինքն՝ մեր պետությունը այս ոլորտում ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի՝ 2,4-ի առավելության պայմաններում հարավային հատվածում ներթափանցելու դեպքում պետք է կատարվի հակահարված եւ թշնամու թիկունքի աջակցությունը կտրվի։ Եթե ենթադրենք, որ 1։5-ի հարաբերակցությունն է եղել, ինչպե՞ս ենք մեղադրում հոկտեմբերի 7-ի գործողության համար անձին այնպիսի տվյալով, որը կարող էր հասու լինել ամիսներ անց»,- ասաց փաստաբանը։
Սարդարյանի խոսքով՝ հարձակման կոնկրետ ուղղությամբ հակառակորդը մեր նկատմամբ առավելություն չի ունեցել.
«Այս առավելությունը, որի մասին խոսվում է, վերաբերում է ընդհանուր ուժերի հարաբերակցությանը։ Կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուն է խոսքն ուղղված։ Այդ ուղղությամբ ունեցել ենք հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն։ Մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։ Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ։ Այսօր ներկայացնում են, թե հաջողությամբ չի պսակվել, այն նպատակը, որ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղում ամրանային մեր ուժերը եւ հակառակոր հարյուրավոր զոհեր է ունեցել, որը փաստ է»։
Արսեն Սարդարյանը մանրամասնեց, որ հայկական զորքը գրոհելիս բաժանված է եղել երկու խմբի՝ աջակողմյան եւ ձախակողմյան.
«Աջ թեւով մխրճվող հատվածը հենց կռվի առաջին ժամերին 150 հոգանոց հակառակորդի խումբ է ոչնչացրել, դրանից հետո եւս երկու փոքր խումբ է ոչնչացրել։ Մեր զոհերի ընդհանուր քանակը 12-ից 20-ի շրջանակներում են։ Հակահարձակման ժամանակ կարեւոր է ուշադրություն հրավիրել նաեւ այլ դրական արդյունքների։ Օրինակ՝ 16 հայ զինվոր շրջափակումից կարողացել ենք հանել, նրանց գերության մեջ հայտնվելը եղել է օրերի, ժամերի հարց։ Այդ հակահարձակման շնորհիվ 16 զինվորի կյանք է փրկվել։ Օպերացիայի շրջանակներում ունեցել ենք հակառակորդի զինտեխնիկայի գրավում։ Ձախակողմյան հատվածում յուրայինները հասել են Ջաբրայիլ-Հորադիզ մայրուղուն, մնացել էր այնտեղ ամրանալը, ինչը չի կատարվել տարբեր պատճառներով»։
Փաստաբանը պատմեց, որ ձախակողմյան թեւում օպերացիայի ընթացքում հայկական կողմն ունեցել է առանցքային կարեւորության հրամանատար, որը տեղ չի հասել, ինչը պայմանավորված է եղել զրահատեխնիկայի խափանմամբ. «Ինչպե՞ս կարելի է սա կապել ընդհանուր բանակի հրամանատարի գործողությունների հետ։ Հարավային թեւում հակառակորդի մեծ քանակություն ոչնչացնելուց հետո, երբ մեր յուրայինները այդ հատվածում ունեցել են ընդամենը 3 զոհ, հակառակորդն ունեցել է 150-ից 250 զոհ։ Հետագա մարտերի ընթացքում աջ թեւի առաջխաղացումը կանգնել է, հրամանատարից թույլտվություն չի եղել կանգնելու, ըստ օպերացիայի՝ իրենց առաջ պետք է շարժվեին»։
Նա ասաց, որ այդ ընթացքում ներկայացվել են խնդիրներ, թե տեխնիկայի հետ կապված խափանումներ կան. «Մեղադրանքում գրում են՝ Ջալալ Հարությունյանը նախապես չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը։ Բանակի հրամանատարը պետք է գնա զորամասի ներսում զրահատեխնիկան ստուգի՞։ Օպերացիայից առաջ ներկայացվել են տվյալներ, որ 99 տոկոս մակարդակի է եղել տեխնիկան։ Տեխնիկայի խափանման համար պատասխանատուներ այլ տեղ է պետք փնտրել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ` ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այդ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:
Ըստ քրեական գործի՝ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաեւ ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:
Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը եւ կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից եւ շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին եւ խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն եւ գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Այդ ընթացքում՝ մինչեւ խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները եւ սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում եւ շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը եւ խնդրել է եւս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։
Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ եւ հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որեւէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:
Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը եւ շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը եւ առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ եւ կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու եւ դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետեւանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջեւի հողաթմբի վրա եւ շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից եւ նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի եւ մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով եւ կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները եւ այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել եւ փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետեւանքով ուժերի եւ միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչեւ օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը եւ զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում եւ մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային եւ ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել եւ վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:











