Դիվանագետի խոսքերը պետք է բխեն միայն այն երկրի շահերից, որը նա ներկայացնում է։ Չկա այնպիսի երկիր, ինչպիսին «Մինսկի խումբն» է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի վերջին հայտարարությունը, որով նա, առաջարկել է, ըստ էության, լուծարել խումբը։
Քաղաքագետը, մասնավորապես, հիշեցրեց, որ Ռիկերը, առաջին հերթին, ամերիկացի դիվանագետ է, իսկ հետո միայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Դրանից ելնելով՝ նա, որպես դիվանագետ, ձգտում է առաջ տանել միայն սեփական երկրի շահերը։
«Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարություններ էր անում Մինսկի խմբի մասին, Արեւմուտքում նրա հետ չէին համաձայնում՝ ասելով, որ այն պետք է պահպանվի։ Իսկ ի՞նչն է փոխվել: Ի՞նչից որոշեցիք, որ մենք հասել ենք կուլմինացիային: Ո՞վ էր ի վերջո ճիշտ՝ Լավրո՞վը, թե՞ դուք։ Այս հարցերի պատասխանները չկան։ Մենք դրանք չենք գտնի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը հենց այդպիսի պատասխան էին պահանջում։ Նրանք փաստորեն ասում են. «Կան նաեւ այլ նախաձեռնություններ։ Այս ձեւաչափերում մենք կկարողանանք ավելի լավ աշխատել»։ Այդ ինստիտուտների վրա, ի վերջո, որոշակի երկրներ իրենց փողերն են ներդրել»,- պարզաբանեց Պողոսյանը։
Փորձագետի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը սահմանափակում է Վաշինգտոնի եւ մի շարք այլ խաղացողների հնարավորությունները։
«Նրանց ձեռքերն այսօր կապված են։ Ի վերջո, ԵԱՀԿ-ում ներկայացված ցանկացած երկիր կարող է մի օր պարզապես վերցնել եւ հարցնել. «Ի՞նչ է պատահել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն անցել է մեր հսկողության ներքո։ Ինչու՞ որոշեցիք այսպես, ոչ թե այնպես»: …Հիմա մարդն ուղղակիորեն հայտարարում է, որ այլընտրանք ունի։ Կա մանդատ, եւ կա ինստիտուտ։ Նրանք այն ձեւավորել եւ չեն պահանջում պարտադիր լուծարում։ Սակայն այսօր ԱՄՆ-ին ավելի հարմար ու հետաքրքիր է միայնակ աշխատելը»,- պարզաբանեց քաղաքագետը։
Նույն կերպ են, ըստ էության, ինչպես նշեց Պողոսյանը, վարվում եւ՛ Ֆրանսիան, եւ՛ Ռուսաստանը։ Բոլոր խաղացողները, այսպես թե այնպես, փորձում են վերափոխել Մինսկի խումբը՝ չձգտելով նրա վրա հաստ խաչ քաշել։
Համաշխարհային պատմության մեջ նման օրինակները, հայ փորձագետի խոսքով, բավականին շատ են։











