Ես պայքարել եմ, միշտ պայքարելու եմ, այսօր ես այստեղ եկել եմ իմ որդու նկարով, հույսով էի, որ կգան շատ ծնողներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Կառավարության դիմաց ՀՅԴ երիտասարդների կազմակերպած ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրը:

«Այս տղաները, որ զոհվել են, հանուն հայրենիքի են զոհվել: Որոշներն ասում էին՝ հանուն ոչնչի են զոհվել: Ոչ, հանուն հայրենիքի եւ այսօր Արցախում մեր հայրենակիցները ամենադժվար իրավիճակում են գտնվում: Այստեղ դուք բոլորդ, որ ազատ, հանգիստ ձեզ համար առեւտուր եք անում, Նոր տարի եք անում: Լավ եք անում, բայց մի պահ հիշեք, որ այնտեղ ձեզ նման մեր հայրենակիցներն ուզում են ապրել: Այն հողը, որի վրա թափվել է մեր տղաների արյունը, իրավունք չունի թուրքը ոտք դնելու: Մենք մեր հայրենիքը պետք է պահենք: Եթե դուք այսօր հրաժարվեք Արցախից, վաղը դուք հրաժարվելու եք Կապանից, Մեղրիից եւ վերջում Երեւանից: Քանի ունեք տեղ կանգնելու եւ պայքարելու, դուրս եկեք եւ պայքարեք»,-ասաց նա:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։ Նրանք երթի ընթացքում վանկարկում էին՝ «Արցախ, Արցախ», «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը, Նիկոլ, դավաճան»: