Մարիանա Ավետիսյանը, որը ծնվել եւ մեծացել է Երեւանում, սովորել Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, որոշել է տեղափոխվել գյուղ ու զբաղվել մեղվապահությամբ։
NEWS.am-ի հետ զրույցում Մարիանան պատմեց, որ մեղուներ արդեն երկու տարի պահում է, ընթացքում սկսել է նաեւ բլոգինգով զբաղվել։
«Սկսել եմ 10 փեթակից, նախորդ տարի ձմռանը մեկն անկեց, մնաց 9-ը, այս տարի այդ 9-ը շատացրել եւ դարձրել եմ 18 փեթակ։ «Տիկ-տոկ»-ում ի սկզբանե իմ կարգախոսը՝ առողջ սնունդ, առողջ ապրելակերպն էր, հետո մեղուների մասին տեսանյութ ներբեռնեցի «Տիկ-տոկ», որտեղ մեծ թվով դիտումներ հավաքեցի, ինչից հետո մտածեցի, որ կարելի է մեղվաբուծությունը բերել այս հարթակ»,- ասաց Մարիանան։
Նրա խոսքով՝ մեղուներին սկզբնական շրջանում պետք էր հատուկ խնամք եւ անհրաժեշտ էր, որ ինքը մշտական գյուղում լիներ. «Սկզբում գնում-գալիս էի, հետո զգացի, որ անհրաժեշտություն կա այստեղ մնալու։ Որոշ ժամանակ այստեղ մնացի՝ սկզբում մեղուների համար, հետո զգացի, որ այստեղ ինձ ավելի է դուր գալիս. մաքուր օդ, չկան խցանումներ, շատ պատճառներ կան, որոնք ինձ ստիպեցին, արդեն մշտական այստեղ տեղափոխվեմ»։
Մարիանան պատմեց, որ մեղվապահությամբ սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ որոշվել է իրենց տան փեթակները վաճառել, դրան ինքը դեմ է եղել եւ որոշել է անձամբ զբաղվել մեղուների խնամքով.
«Մեղվի փեթակներ միշտ ունեցել ենք, պարզապես ունեցել ենք նաեւ մեղվաբույծ, որը մոտ 20 տարի խնամել է մեղուներին։ Նա արդեն ծեր էր, չէր կարողանում պահել, խնդրեց, որ գնանք վերցնենք մեղուները։ Մենք մտածում էինք վաճառելու մասին, քանի որ մեր ընտանիքում մեղվաբույծ չկար։ Արդեն իմ մեջ էր խառնաշփոթը, որովհետեւ ես այնքան շատ եմ մեղր օգտագործում, ներկայումս էլ դժվար է անարատ մեղր գտնելը։ Երբ առաջին անգամ մեղվաբույծի հրավիրեցինք, որ ուսումնասիրի մեղուների վիճակը, խնդրել էի այնպես կազմակերպել, որպեսզի ես էլ ներկա լինեմ։ Երբ միասին նայեցինք փեթակները, հետո ինձ ցուցումներ տվեց հետագա խնամքի մասին։ Մի 2-3 շաբաթ սկսեցի խնամել, հասկացա, որ ինձ դուր է գալիս զբաղմունքը ու որոշեցինք՝ չվաճառել փեթակները»։
Մանրամասները՝ տեսանյութում











