Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերեւներ, կոճղեր եւ խոտածածկույթ (մոտ 7 հա):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 32 փրկարարական ծառայող։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մթության եւ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերեւներ, կոճղեր եւ խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսության» մասնաճյուղի 10 աշխատակից, 15 փրկարարական ծառայող եւ 1 անօդաչու թռչող սարք։
Հրշեջ-փրկարարների եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:











