Կարեւոր է, որ հայ-թուրքական հարաբերություններում դինամիկա լինի, եւ հուսով եմ, որ շուտով սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաեւ ակնկալում ենք, որ սահմանները կբացվեն դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար։ Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի չեղարկման մասին եւ Երեւանը ողջունում է այդ քայլը։  

Փաշինյանը կարեւորեց այն, որ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում ընթանան ոչ միայն բանակցություններ, այլեւ տեղի ունենան իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Նրա խոսքով՝  սա կարեւոր է նաեւ հատուկ դեսպանորդների աշխատանքի համար։ Նա հիշեց Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցը եւ Պրահայում կայացած հանդիպումը։

Վարչապետն այս իրադարձությունները կարեւոր անվանեց ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ միջազգային շատ լուրջ լոգիստիկ փոփոխությունների տեսանկյունից։ «Կարծում եմ, որ այս տարածաշրջանը ավելի հետաքրքիր է դառնում միջազգային բեռնափոխադրումների համար, քան նախկինում էր, եւ  ստանում է միջազգային կարեւոր նշանակություն։

Այս իմաստով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի եւ երկաթուղու բացումն ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք առաջընթաց ունենալ այս ուղղությամբ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է երկու երկրների հավաքականների առաջիկա ֆուտբոլային հանդիպմանը եւ պետությունների ղեկավարների հանդիպման հավանականությանը, ապա դա, նրա կարծիքով, կախված է ընդհանուր իրավիճակից եւ կողմերի քաղաքական կամքից։

«Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել այն դրական հնարավորությունները, որոնք կարող են ստեղծվել հարաբերությունները կարգավորելու համար»,- եզրափակեց վարչապետը։