Ակնհայտ է, որ սա ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդման հերթական փուլն է: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այսօր վաղ առավոտից Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում խուզարկություններ իրականացնելու, բերման ենթարկելու մասին։

Նա հիշեցրեց, որ դիմադրության շարժման ակտիվ փուլի ժամանակ ապօրինի հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնց շրջանակներում սկսեցին զանգվածային խուզարկություններ իրականացնել ՀՅԴ բազմաթիվ անդամների թե բնակարաններում, թե գրասենյակներում, թե եղան կալանավորումներ:

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե, ըստ էության, ինչի վրա է հիմնված «այս  հանցագործ իշխանության վարքագիծը». «Իրականացնում են ապօրինի  գաղտնալսումներ։ Նախ անհասկանալի է, թե ում են գաղտնալսել։ Ի վերջո ներկայացնում են մեղադրանք, թե այդ  գաղտնալսման տվյալներով. դուք երկուսդ եք խոսում իրար հետ, ինչի մասին են խոսում, ինչ թեմայով,  կարևոր չէ։ Կարևորը, եթե նույնականացնում են կամ փորձում են նույնականացնել անձանց, այդ ապօրինի  գաղտնալսումը հիմքում դնելով՝ հարուցում են  քրեական հետապնդում,  դրա հիման վրա մտնում են դատարան, դատարանը տալիս է խուզարկության թույլտվություն։

Ակնհայտ է, որ այս մարդիկ, ովքեր նման որոշումներ են կայացրել, ակնհայտորեն քաղաքական  հետապնդման վարքագիծ են դրսևորել, քանի որ խոսքը քաղաքական ուժի՝  ՀՅԴ կոնկրետ պատասխանատուների մասին է։

Օրինակ, այսօր առավոտյան ժամը 7։00-ին նաև ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի տուն են այցելել խուզարկության, հրավիրել են որպես վկա հարցաքննության։ Սա էլ հերթական անհասկանալի բանն է։ Անբացատրելի է իրավական տեսակետից, թեև քաղաքական առումով շատ հստակ բացատրելի է, փորձում են շարունակել իրենց ապօրինի վարքագիծը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս գործողությունն ուղղված է դիմադրող անձանց դեմ, քաղաքական ակտիվիստների, ցանկացած անձի դեմ, ով ասում է՝ իշխանությունը հանցագործություն է կատարել, ով ասում է՝ իշխանությունը հայրենիք է հանձնում, ով ասում է՝  Փաշինյանն ու իր  վարչակազմը, ըստ էության, իրականացրել են առևերևութ պետական դավաճանության հանցագործություններ։

«Այս ամենը հատկապես երեկվա ասուլիսի ֆոնին, նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունն այն հայրենահանձնման  գործընթացից, որ այս իշխանությունն իրականացնում է»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Մինասյանը հայտնեց, որ արդեն 4 հոգի գտնվում են տարբեր բաժանմունքներում բերման ենթարկման իրավական ռեժիմով, մի քանիսի մասով, ամենայն հավանականությամբ, նաև ձերբակալություններ կլինեն։

«Ով ակտիվիստ է, հատկապես դաշնակցության պարագայում, փորձում են ամեն գնով բռնել, սահմանափակել, կալանավորել, իրենց թվում է՝  դրանով հնարավոր է դիմադրության վրա ջուր ցանել։ Այդպես չի լինում, որովհետև դիմադրողը մի քաղաքական ուժ չէ, ամբողջ ժողովուրդն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։