Հասարակությունը տեսնում է, որ այսօր նոր օլիգարխիկ էլեմենտներ են ծնվում: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Դա ինձ համա որպես քաղաքական ուժի ղեկավար, դրական է, որպես ՀՀ քաղաքացի՝ բացասական: Դրական է, որովհետեւ դժգոհությունները հասարակության կողմից ավելանալու են, եւ հասարակությունը դրան գնահատական տալու է»,-ասաց նա:
Երվանդ Թարվերդյանը կոչ արեց իշխանություններին ստեղծել ներդրումների կոմիտե, ակտիվացնել Սփյուռքի հետ աշխատանքը:
«Այս իշխանությունը չի կարողանում քննադատություն լսել, անգամ ներքին դաշտում: Մարդիկ արդեն վախենում են քննադատել: Որպեսզի ճիշտ ու երկար կառավարես, դու պետք է իմանաս՝ որտեղ է քո թերացումը, որտեղ է քո թիմի ապիկար անդամների սխալը, որ դուրս շպրտեն թիմից: Այս ամենի արդյունքում հասարակության մոտ իշխանությունների հանդեպ ատելությունը քայլ-քայլ ավելանում է»,-հայտարարեց նա:
«Միացյալ Հայաստան»-ի ղեկավարը ընդգծեց, որ եթե իր ղեկավարած ուժը գա իշխանության, ինքը կառաջարկի, որ ընդդիմությունը ղեկավարի վերահսկողական ամբողջ բլոկը. «Այսինքն անձինք, որոնք կվերահսկեն իշխանությանը: Որպեսզի ժողովուրդը տեսնի, որ պետություն ոչ թե քո բոստանն է, որտեղ ինչ կուզես՝ կանես, այլ դա անում ես հասարակության համար եւ նրա շահերից ելնելով: Որ մարդիկ չասեն՝ մենք եկել ենք իշխանության, ինչ ուզենք՝ կանենք: Հա, հասարակությունը հո կրակը չի՞ ընկել, միգուցե սխալվել է եւ ձեզ է ընտրել»,-ընդգծեց նա:











