Մեկ ամիս շարունակ հրապարակում էի քաղաքացիների ահազանգեր, որ կասկածներ կան, որ քաղաքապետարանում շինարարության ոլորտում գումարներ են մսխվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:
«Ինձ ասում էին՝ խնդրում եմք գնումներին ուշադիր եղեք, այնտեղ խայտառակություն է: Բնականաբար, ես մտել եմ ֆինանսների նախարարության կյք եւ տեսել, որ այո, գնումներում ունենք խախտումներ: Դեռ դեկտեմբերին քաղաքապետը հայտարարում է, որ առանց նախագիծ, նախահաշվի ոչինչ չենք անում: Ես ողջունում եմ այդ հայտարարությունը: Հետո հրապարակվում են մի շարք մրցույթներ, այդ թվում շինարարության, որտեղ չկա պատշաճ նախագիծ, նախահաշիվ: Փոխանակ շնորհակալություն ստանամ, որ գտել եմ այդ թերացումները, փոխարենը տեսնում եմ, որ «շապոկլյակի» պես ուղիղ մեկ ամիս նայում, ձայն չեն հանում, ոչ մի պաշտոնյա ինձ հետ չի կապվում: Սա հաստատում է մյուս կասկածը, որ գործ ունենք ոչ թե առանձին դեպքերի, այլ հովանավորչության հետ»,-ասաց նա:
Իզաբելա Աբգարյանը շարունակեց, որ իրեն ոչ թե քաղաքապետարանից պատասխան է հնչել ՝ հիմնավորումներով, բայց կայքերից մեկով իրեն արձագանքել է քաղաքաշինության շինբարեկարգման վարչության ղեկավարի պաշտոնակատարը, որը մասնագիտությամբ պատմաբան է. «Երբ մենք բարձրացնում էինք աշխատավարձերը՝ երեւանցիների գրպանի վրա բեռ դնելով, ասում էին՝ մենք խնդիր ենք դրել պրոֆեսիոնալ կադրեր բերել, սա՞ է պրոֆեսիոնալիզմը: Եթե պրոֆեսիոնալիզմ է, որ ազգագրագետը պետք է ասֆալտ փռի, շինբարեկարգումով զբաղվի, ապա կներեք, ձեր բերած հաստիքացուցակն էլ նույն ոլորտից է: Ում էլ բերեք լինելու է խնամի, բարեկամ, ծանոթ, կուրսեցի եւ մենք րդյունք չենք ունենալու»,-ընդգծեց ավագանու անդամը:











