Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում նրանք Արմավիրի Արարատյան փողոցում ձերբակալել են 23-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։ Ըստ արմավիրցու՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդը 4 փաթեթ թմրամիջոց էր գնել մի համաքաղաքացուց։ Նա Արմավիրի Ջիվանու փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ 59-ամյա տղամարդու մոտ կաթուցիչ ու 17 գրամից ավելի մարիխուանա և հաշիշ կային, տան խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա էլ, իրացնելու նպատակով, թմրամիջոցը գնել էր Արմավիրի Ալաշկերտ գյուղի մի բնակչից։ 60-ամյա ալաշկերտցին ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա տնամերձ հողամասում հայտնաբերվեցին շուրջ 7 կգ կանեփի չորացված բույսեր, իսկ թոնրատանը՝ կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59 և 60 տարեկան տղամարդիկ կալանավորվել են։Նշանակվել են փորձաքննություններ։