ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է` անպայման հայտարարագիր կներկայացնի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես է ձեռք բերել իր նոր բնակարանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նշենք, որ լրատվամիջոցներում հոդված է հրապարակվել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։
«Ես բնակարանն ամրագրել եմ 2021 թվականին, փաստաթուղթն ուզել եմ նաեւ համապատասխան կառուցապատողից: Եթե անհրաժեշտ լինի ես դա կհրապարակեմ կամ կտրամադրեմ այն մարմիններին, որոնք դրանով զբաղվում են:
Ես երեկ վերնագրեր էի կարդում. «Որտեղի՞ց Պապիկյանին 400 հազար դոլար»: Իմ գնածից ավելի էժան այդ տարածքում վաճառվել է եւս 300 բնակարան: Հետեւությունները դուք արեք կամ թող անեն այլ մարմիններ:
Ես հայտարարագրով կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումար, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վարկ վերցրել, որքան կանխավճար եմ վճարել, այդ կանխավճարն ինչի արդյունքում է գոյացել, ես այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եմ, թե չէ: Ես ունեցել եմ հաշվիս վրա այդքան գումար, թե չեմ ունեցել, ամեն ինչը կհրապարակեմ։
Ներկայիս հայտարարագիրը 2021 թվականինն է, ես էլ 2022–ին, շուրջ 1 տարի, ապրել եմ, աշխատել եմ, գումար եմ վաստակել։ Այժմ էլ 2023 թվականն է»,– նշեց Պապիկյանը։
Նա նաեւ հայտարարեց, որ ինչպես երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինքը պատրաստ է իր բնակարանը վաճառել 300 մլն դոլարով:
Հիշեցնենք, երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին Պապիկյանի նոր ձեռք բերած բնակարանի մասին, ինչին ի պատասխան Փաշինյանը նշել էր, որ շատ լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է։











