Հայաստանում լրագրողները, գնելով բնակարաններ նախարարների հետ նույն շենքերում, նույն հիփոթեքային պայմաններով, նախարարներին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Սուրեն Պապիկյանը հիփոթեքով է ձեռք բերել տունը եւ վճարելու է դրա համար 20 տարի: Սուրեն Պապիկյանի տան մասին հոդվածը կարծեմ «Հետքն» էր տպագրել, ուզում եմ նաև շնորհավորել «Հետքի» փոխտնօրենին, որը ևս նույն «Բյուրեղ» բնակարանային համալիրում ունի բնակարան: Հայաստանում լրագրողները, գնելով բնակարաններ նախարարների հետ նույն շենքերում, նույն հիփոթեքային պայմաններով, նախարարներին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Եթե լրագրողների աշխատավարձը նախարարների աշխատավարձից այսուհետ բարձր է, դա ինձ շատ հետաքրքիր է»,- նշեց Ալեքսանյանը: 

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ արտառոց չէ նաեւ Արարատ Միրզոյանի բնակարան ձեռք բերելու փաստը, քանի որ Միրզոյանի կինը տարիներ շարունակ ստացել է շատ բարձր աշխատավարձ՝ աշխատելով Հայաստանի առաջատար ծրագրավորող ընկերություններից մեկում, իսկ Արարատ Միրզոյանը վաճառել է իր բնակարանը մոտ 100 հազար դրամով: Ալեքսանյանը մանիպուլյացիա համարեց տեղեկությունը, թե Արարատ Միրզոյանը նախկինում բանկում սեւ ցուցակում է հայտնվել, քանի որ ըստ նրա՝ Միրզոյանն ուղղակի չի նկատել մեքենայի համար եկած ակտը, եւ գործը հայտնվել է ԴԱՀԿ-ում: Նա իր վարկային մուծումները կատարել է ժամանակին:

«Իմ օրինակով համեմատեմ. մինչև պատգամավոր դառնալս ունեցել եմ մեկ մեքենա, մինչև հիմա ունեմ այդ նույն մեքենան: Անշարժ գույք չունեմ, մտածում եմ՝ մեր գործընկերների և ձեր գործընկերների նման հիփոթեքով բնակարան գնելու մասին: Ինձ թվում է, օրինակ, Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժի, քան որոշ պաշտոնյաների՝ 20 տարի մարելիք հիփոթեքով բնակարանները: Նշեմ, որ մամուլը սխալ գրեց, ինչպես հաճախ է անում. այդ տունը մինչեւ հիմա պատկանում է Հովիկ Աբրահամյանին»,- ընդգծեց պատգամավորը: