Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները՝ բռի կերպով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը՝ անդրադառնալով
«Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ ում վրա ուզի, կարող է գոռալ: Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը, որ թույլ են տալիս հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,-պատմեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին՝ ըստ իշխանական պատգամավորների՝ հարվածել է շողացող ինչ-որ առարկայով, Սահակյանը պատասխանեց՝ բացարձակ սուտ է. «Հարվածել եմ ձեռքով, ձեռքս էլ ջարդվել է: Մեկ անգամ հարվածելուց հետո, չցանկանալով, որ վեճը շարունակվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ»:
Անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թե ինքը միջադեպից հետո վազելով փախել է՝ Սահակյանը նշեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա, երևի, օգտագործել են: Միանշանակ մոնտաժված են կադրերը: Հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա: Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության: Եթե վարույթն իրականացնող մարմինը կգնահատի, որ ես անցել եմ այդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»:
Մհեր Սահակյանը շեշտեց, որ նույնիսկ մոնտաժված տեսանյութում չկա հատված, թե ինքը փակվել է աղջիկների զուգարանում:
Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելությունից զրկելու հնարավորությանը, Մհեր Սահակյանն ասաց. «բարի ճանապարհ իրենց»:
Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։











