ՄԻՊ թեկնածու առաջադրում են ոչ թե պատգամավորները, այլ խմբակցությունները, իսկ թեկնածուներին ընտրում են պատգամավորները, որոնք որոշում են կայացնում ոչ թե խմբակցություններին հարգելով, այլ իրենք իրենց հարգելով, սեփական խղճով և համոզմունքներով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ի պատգամավորներրը կարող են քվեարկել ՄԻՊ պաշտոնում իր թեկնածության օգտին։
«Առայժմ տեղի է ունենում թեկնածուների առաջադրման փուլը, դեռ չենք հասել պատգամավորների ընտրության փուլին։ Նույն ԱԺ-ում ժամանակին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնում ընտրել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած պաշտոնյանին: Այսինքն՝ նախադեպեր եղել են, երբ առաջադրված պաշտոնում ընտրել են ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց Ղազարյանը։
Հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ ՄԻՊ-ի պաշտոնում իշխող խմբակցության առաջադրած թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը, հրաժարվում է իր հետ բանավեճից, Ղազարյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե ինչու է մյուս թեկնածուն խուսափում ոչ միայն ինձ հետ, այլ նաև ձեզ հետ հանդիպելուց։ Թեկնածուների պաշտոնական առաջադրումից հետո, ես առանձնացրել եմ այն հանդիպումների ծավալը, որոնք ես եմ ունեցել մամուլի հետ և իր հանդիպումների ծավալը։ Ինքը հանդիպում է ունեցել միայն Հանրային հեռուստաընկերությունում և գրավոր հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին: Նա առհասրաակ չի ցանկանում շփվել հանրության հետ, ինչն էլ հանդիսանում է նրա հակասահմանադրական կարգավիճակի հիմքը։ Դրա համար նա հանրային հեղինակություն չի վայելում և իր թեկնածությունը չի համապատսխանում Սահմանադրության պահանջներին։ Ուզում եմ հույս ունենալ, որ նա մինչև վաղը ժամը 11-ը ինքնաբացարկ կհայտարարի»։
Ղազարյանը անմիտ որակեց այն տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանի միջոցով է առաջադրվել իր թեկնածությունը։











