Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքը պետք է մանրամասն քննել, հասկանալ՝ այդպես է եղել, թե՝ ոչ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հարգելով Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ նախ այդ միջադեպը պետք է քննվի, որ կարողանաս պատճառները հասկանալ, պետք է ուսումնասիրվի՝ այդպես է եղել դեպքը, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, որ Ալեն Սիմոնյանն ասի՝ ես տվյալ անձնավորության աչքին թքել եմ»,- նշեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եթե դատախազն Ազգային ժողով մտնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով, ինքը կողմ կքվեարկի։

«Չի կարելի այդպիսի արարքը հանդուրժել։ Մհեր Սահակյանն ասում է՝ ձեռքս ջարդվել է, բայց ձեռքը թափահարեկով խոսում է լրագրողների հետ, ասում է՝ նիստի էի շտապում, ոչ թե փախչում էի, բայց կադրերը հակառակն են։ Ես չգիտեմ՝ դա ծանր մարմնական վնասված էր, թե՝ ինչ-որ բանի փորձ»,- նշեց Քոչարյանը։