Ընդդիմադիրները դիմելու են գլխավոր դատախազին՝ ՔՊ-ական պատգամավորների կողմից երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հնչեցրած սպառնալիքների հարցով: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Երեկվա տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր: Ես համարում եմ, որ ՄԻՊ-ի ընտրությունը այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, որովհետեւ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը եւ սահմանափակեցին խոսքի ազատությունը:
Առաջին քայլը, որն արվելու է, դա պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք եւ պահանջենք քրեաիրավական գնահատական: Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, եւ նա պետք է պատժվի: Այն սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ թեկնածուի հասցեին, այդ թվում՝ իմ հասցեին, նա պետք է պատժվի»,- նշեց Թովմասյանը:
Նա հայտնեց՝ երկրորդ քայլն այն է, որ ինքը միջազգային իր գործընկերներին այդ հանձնաժողովի նիստի սղագրությունը թարգմանելու է եւ ուղարկելու է, որպեսզի հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում ՄԻՊ-ի պաշտոնում ինչպիսի մթնոլորտում է առաջադրվում իշխանության թեկնածուն կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն.
«Միշտ կարելի է մերժել անցանկալի թեկնածուին, բայց դա անել ավելի քաղաքակիրթ մեթոդների կիրառմամբ: Մենք գործ ունեինք փողոցային վարքագծի դրսեւորման հետ: Ես խնդրելու եմ միջազգային իմ գործընկերներին՝ տալ գնահատական եւ բոլոր հնարավոր զեկույցներում զետեղել, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը»:
Անդրադառնալով այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ձեւավորելուն՝ Թովմասյանը նշեց. «Էթիկայի հանձնաժողովի մասով մենք դեռ քննարկումները շարունակում ենք, որովհետեւ մի քիչ նպատակահարմարության հարց կա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը արդեն իսկ կախված է ՔՊ-ի քվեարկությունից, այսինքն՝ իրենք կարող են քվեարկել՝ ստեղծել եւ կարող են չստեղծել: Այդ հանձնաժողովի ձեւավորումից հետո էլի պատիժ չի լինելու: Մենք հակված ենք նաեւ այդ տարբերակին եւ մտածում ենք նաեւ այդ գործիքակազմը կիրառել»:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացու միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ պատգամավորն ասաց. «Մոտ մեկուկես տարի առաջ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման նպատակահարմարության մասով ընդդիմադիր խմբակցությունները դրել են օրինագիծ շրջանառության մեջ, եւ դա քննարկվել ամեն պահի: ԱԺ նախագահի կողմից ցուցաբերված վարքագիծն անհարիր է բարձրաստիճան պաշտոնյային: Կարեւոր է, որ պետական պաշտոնյան խիստ զսպվածություն ցուցաբերի անգամ նման ծայրահեղ իրավիճակներում: Նա արդեն պետք է պաշտոնանկ արված լիներ»:











