Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ կտամ խորհուրդ տալ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներին, «Քաղաքացիական պայմանագիրը» խորհուրդ լելու կարիք Լեւոն Տեր-Պետրոսյանից կարծում եմ՝ չունի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:
Ինչ վերաբերում է 10-ից ավելի ՀԿ-ների հայտարարությանը, որոնք պահանջում են ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծել եւ քննարկել Ալեն Սիմոնյանի վարքը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Բնականաբար, ծանոթ եմ դրան, բայց պարոն Սիմոնյանն իր հերթին իր էջում պարզաբանմամբ է հանդես եկել, ես որեւէ ավելացնելու բան չունեմ: Ես առհասարակ կարծում եմ՝ բոլորս պետք է փոքր ինչ ավելի զուսպ լինենք եւ փողոցում ԱԺ նախագահին հանդիպելիս պետք է հաշվի առնենք, որ խոսքն ինստիտուտի մասին է: Պետական ինստիտուտները պետք է հարգել»:
Նա ընդգծեց, որ իր իմանալով այս պահին ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի վարքագծի հետ կապված քննարկումներ չկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս փողոցում քաղաքացիներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվանել էր դավաճան, որից հետո, ըստ տեղեկությունների, վերջինս իր թիկնապահներին հրահանգել էր բռնել նրան եւ ինքը թքել էր քաղաքացու վրա:











