Գիտեք, որ քննություն է ընթանում, այո, այդ ընթացքում որոշակի բուժաշխատողներ հրավիրվում են հարցաքննության, ձերբակալումներ եւս եղել են, բայց իմ տվյալներով մեծ մասն արդեն բաց է թողնվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված բժիշկներին:

«Ես կարծում եմ՝ հնարավորինս արագ քննչական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կանեն ամեն ինչ, որ օր առաջ ավարտվի այս ամբողջ պատմությունը»,-ասաց նա:

Հարցին՝ լարվա՞ծ են արդյոք իր և նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները, Ավանեսյան պատասխանեց․ «Ամենևին, շատ լավ են»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել են «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը, փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը, Առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։ Տնային կալանքի տակ է «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն։

 Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝  Գեւորգ Սիմոնյանը 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: