Ես քննիչ հանձնաժողովի շրջանակներում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպել ցանկացել եմ ավելի վաղ, քան Ջալալ Հարությունյանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Նաեւ հաշվի առնելով նաեւ մեր հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի եւ Դավիթ Տոնոյանի հարազատ հարաբերությունները, խնդրել եմ, որ Վիլեն Գաբրիելյանը ճշգրտի, արդյոք Դավիթ Տոնոյանը ցանկանում է, որ քննիչ հանձնաժողովն այցելի իրեն եւ մենք նախաձեռնենք պարոն Տոնոյանի հնարավոր այցը Քննիչ հանձնաժողով: Մենք խնդիր չունենք, որ մեկուսարանի ղեկավարության հետ պայմաններ ստեղծենք եւ մեր աշխատանքը կազմակերպել հենց մեկուսարանում: Պարզապես պարոն Տոնոյանը վերապահում ուներ, առաջ այդ վերապահումը չկար: Ես սպասում եմ իր պատասխանին»,-ասաց Քոչարյանը:
Նա հավելեց, որ շատ կարեւոր է, որ Դավիթ Տոնոյանը համաձայնի հանդիպմանը. «Շատ դրվագներ կան, որ գուցե հենց իրեն են առնչվում, չնայած պատերազմի ժամանակ թիվ մեկ պաշտոնյան եղել է ԳՇ պետը: Եսո կարծում եմ, որ Դավիթ Տոնոյանը չի կարող իրեն դրսեւորել այնպես, ինչպես դրսեւորել են Տիրան Խաչատրյանն ու Վարդան Օսկանյանը»,-ասաց Քոչարյանը:
Նշենք, որ այդ երկուսը հրաժարվել են ներկայանալ Քննիչ հանձնաժողով:
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։











