Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած իր ելույթով ասաց, որ Հայաստանը տանել շատ վտանգավոր գործընթացների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Փաշինյանն ասում է՝ ես ճանաչում եմ ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չունեմ երաշխիք, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքը, բայց ամեն դեպքում գնալու եմ հանձնելու ճանապարհով։ Հայաստանի ղեկավար ներկայացողն Ադրբեջանից խնդրում էր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի անկախությունը Փաշինյանն ակնկալում է Բաքվից։ Ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովել մեր դաշնակիցների հետ հարաբերությունների խորացմամբ, մեր բանակի հզորացմամբ, ոչ մի տող հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին, փոխարենը խոսք, թե ինչքան լավն է Թուրքիան։ Ես մինչեւ մայիսի 15-ը սպասում եմ դրամատիկ զարգացումների կապված նաեւ Թուրքիայի ընտրություններով»,- նշեց Թեւանյանը։

Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ Փաշինյանի ելույթը Հայաստանի Սահմանադրության տապալման մասին էր, սակայն որեւէ իրավական գործընթացի հույս ունենալ պետք չէ։

«Մենք ունենք ոչ թե Գլխավոր դատախազություն, այլ ընտանեկան դատախազություն, որովհետեւ դատախազը վախվորած կարգավիճակով մասնակցում է Փաշինյանի ընտանեկան միջոցառումներին՝ Փաշինյանի աղջկա հովանու ներքո։ Փաշինյանն արդեն անցել է Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու գործընթացի սկզբին։ Ես այդ տեքստը լսել էի 2018 թվականին Ջոն Բոլթոնից։ Երեկ պատմական կարծրատիպերից խոսում էր նաեւ Փաշինյանը՝ Բոլթոնի խոսքերի կոնտեքստում։ Ես տեսնում եմ Հայաստանի լուծարման ծրագիր։ Երեկ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին առաջարկում էր միանալ իր ծրագրին եւ նախընտրել Նիկոլ Փաշինյանի փրկությունը Հայաստանի փրկությունից։ Երեկ միմյանց պասեր տալով խոսեցին Ալիեւը եւ Փաշինյանը։ Իրենք սինխրոնացված են խոսում։ Նիկոլ Փաշինյանը հանուն իր անձի փրկության աճուրդի է հանել Հայաստանի Հանրապետությունը եւ արդարացնում է իր կատարելիք գործողությունները։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Երեւանը հանձում ենք, բայց ապագա կա»,- ընդգծեց պատգամավորը։