Ես ստորագրում եմ Հայաստանի վարչապետի երեկվա յուրաքանչյուր բառի տակ։ Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հավելեց, որ իշխանության քաղաքական թիմում չի ճանաչում որեւէ մեկին, ով վարչապետի հայտարարությունները տարօրինակ, նոր կամ անհասկանալի կհամարի։ «Ես գիտեմ, թե ինչ է նա ասել, ինչու է ասել եւ լիովին աջակցում եմ դրան: Մենք չենք անցկացրել այնպիսի քննարկումներ, որոնց մասին լրատվամիջոցները տեղյակ չեն եղել։ Մեր թիմը, մեծ հաշվով, մեր օգտին քվեարկած Հայաստանի քաղաքացիներն են։ Կարեւորը այս հարաբերությունները պահպանելն է»,- ասաց Սիմոնյանը։
Խորհրդարանի նախագահը վստահեցրեց, որ եթե ժողովուրդն ասի, որ չի ընդունում իշխող ուժի տեսլականը, ապա իշխանությունները կհեռանան ու տեղը կզիջեն այն ուժին, որի տեսլականը ժողովուրդը կընդունի։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք վիճահարույց հայտարարություններ արեց ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ, որոնք պատճառ դարձան Ադրբեջանի նախագահի նոր հայաֆոբ հայտարարությունների։ Ալիեւը կտրուկ պատասխանել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։











