Ամեն ինչ եղել է պարզ, թափանցիկ, մրցույթով, ինչպես մյուս բոլոր ընկերությունները, այդպես էլ այդ ընկերությունն է մասնակցել եւ իրականացրել է աշխատանքները:. Բավական լավ ընկերություն է՝ լավ կարողություններով, լավ մասնագետներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պետությունն արդեն մեկ մլրդ դրամից ավելի ծառայություններ է պատվիրակել, որի ընկերությունը սպասարկման աշխատանքներ է իրականացնում ասֆալտապատման գործում:
Հարցին, թե արդյոք այդտեղ կոռուպցիա չկա, Սանոսյանը պատասխանեց. «Հայաստանում առաջադեմ, խոշոր նախագծող ընկերություններից մեկն է, ինչ է թե այդ ընկերությունն իրենցն է, ի՞նչ անենք, փակենք գնանք, նախագծող ընկերություններ չունենա՞նք»:
Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին ասում էր՝ կողմնորոշվիր՝ պոմիդոր աճեցնող ես, թե պաշտոնյա, հիմա այս իշխանության մեջ էլ պետք է կողմնորոշվեն՝ ասֆալտ փռող են, ասֆալտի որակ վերահսկո՞ղ են, թե պաշտոնյա:
«Կարծում եմ՝ ինքը դրանով չի զբաղվում, ինքը պաշտոնյա է, ընկերությունը տրված է պետական կառավարման: Դուք ուզում եք, որ օրենքով շարվենք, չէ: Օրենքն ասում է, որ մրցույթ ես հայտարարում, ով ամենացածր գինը կտա, նա հաղթողն է: Եթե մրցույթի արդյունքում հաղթող կա, որտե՞ղ է խնդիրը»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է նրան, որ շատ մրցույթներում միայն մեկ մասնակից է լինում, նա արձագանքեց. «Շատ վատ է, որ մեկ ընկերություն է մասնակցում մրցույթին, բայց ինչ անենք, որ ընկերություններ չկան: Հիմա ուզում ենք ջրամբար կառուցել, կառուցող չկա: Էսքան լրագրող ի՞նչ ենք անում, գնացել նախագծող սովորեք, ջրամբարներ նախագծեք, եկեք աշխատեք նորմալ բարձր աշխատավարձով: Բոլորդ կամերաները վերցրել եք երկրով մեկ ման եք գալիս, մենք էլ մասնագետ չունենք»:











