Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքների 80 տոկոսն ավարտին են հասցվել, ամբողջական ավարտը նախատեսված է հոկտեմբերին։ Իր ավելի քան 1700-ամյա պատմության մեջ Մայր տաճարն առաջին անգամ է նման խոշոր ծավալով վերանորոգվում։
«Հարութենական այս օրերին, երբ մեր հոգին ցնծում է Քրիստոսի հարության ավետիսից ոգեւորված, վստահ եմ, որ նույն հոգեվիճակը կունենանք նաեւ ամիսներ հետո, երբ համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր հյուրընկալ դռները կբացի բյուրավոր հավատացյալների առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Տաճարի վերանորոգման աշխատանքները սկսվել են շուրջ տասը տարի առաջ։ Դրանց անհրաժեշտությունն առաջացել է անակնկալ կերպով։
«Մի առիթով, երբ գմբեթի խոտածածկույթը մաքրելու հանձնարարական տվեցինք շինարարին, նրանք ասացին՝ առավել մեծ խնդրի առջեւ ենք՝ փլուզման վտանգի։ Ցույց տվեցին տեսանյութեր, որոնցում երեւում էր, որ պատերն ամբողջությամբ հողմնահարված էին, շաղախը՝ փոշիացած, քարը քարի վրա էր հենված։ Հարավային գմբեթի չորս սյուները ճաքած էին։ Բնականաբար, այն կարող էր ցանկացած պահի փլուզվել եւ անցանկալի վիճակներ ստեղծել մեզ համար»,- ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Պատերն ամրացնելու համար Իտալիայից ներկրել են շուրջ 300 տոննա հատուկ շինանյութ, որը ներարկվել է տաճարի պատերի մեջ։ Դրան հաջորդել է կամարների եւ սյուների ամրացման փուլը։ Աշխատանքները հատկապես բարդ են եղել կամարների դեպքում։ Դրանք ծածկող որմնանկարների շերտը հեռացնելու անհրաժեշտություն է առաջացել։
«Երբ հեռացրին որմնանկարի առաջին շերտը, տակից դուրս եկավ երկրորդ շերտ, երկրորդ շերտը, երբ ստիպված հեռացրին, հայտնվեց երրորդը։ Դա էլ դուրս բերեցին, շատ մասնագիտական որակով կատարվեցին այդ աշխատանքները, տեղի ունեցավ ամրակայում, ինչից հետո վերատեղադրվեցին որմնանկարները՝ նախկին տեսքով»,- նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն։
Շինաշխատանքների արդյունքում տաճարի ներսի հատվածն ամբողջությամբ ամրակայվել է, հատակը՝ փոփոխվել։ Փոփոխությունները կատարվել են՝ չվնասելով եկեղեցու արտաքին տեսքը։
«Հավատացյալները, երբ ներս մտնեն, թերեւս, փոփոխություն չեն տեսնի, բայց իրականացնողները, որոնք հետեւել են ամբողջ ընթացքին, գիտեն թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել։ Ահռելի ժամանակ է տրամադրվել այդ ամենը շտկելու համար»,- ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Քանի որ Մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, շինաշխատանքների նախագծային փուլին մասնակցել են նաեւ մասնագետներ արտերկրից՝ հիմանկանում ճապոնացի, իտալացի, ֆրանսիացի մասնագետներ, որոնց հարուստ փորձառությունը եւս օգտագործվել է։
Հինգ տարի առաջ հավատացյալների առջեւ Մայր տաճարի դռները կբացվեն վերաօծումից հետո։











