Այն ընթացքում, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ձեռամբ չկար մարդու իրավունքների պաշտպան, իսկ մինչ այդ էլ կար ՔՊ–ի իրավունքների պաշտպան, Թագուհի Թովմասյանը զգալի ծավալով իր ուսերի վրա էր վերցրել նաեւ ՄԻՊ–ի գործառույթները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին։ Կարծում եմ, որ Թագուհի Թովմասյանի նման աշխատանքին պետք է լուռ հետեւել, գոնե չխանգարել։ Միայն վերջին շրջանում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովից 650 գրություն է ուղարկվել միջազգային տարբեր կազմակերպություններ եւ դեսպանություններ։ Դա այն աշխատանքն է, որը պետք է ՄԻՊ–ն աներ»,– նշեց Մամիջանյանը։
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 20-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել, որը նրա խոսքով՝ շուտով կքննարկվի խմբակցությունում։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը երեկ՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։
«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։
Ընդդիմադիր մյուս պատգամավորները մոտեցան Թովմասյանին, ինչից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցները բռնի ուժով դուրս հանեցին ընդդիմադիր պատգամավորներին։
Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ընդդիմադիր 10 պատգամավորի նկատմամբ նկատողություն հայտարարվեց, նրանք մինչեւ օրվա վերջ հեռացվին նիստերի դահլիճից։
«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թեւանյանը հեռացվում են մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։











