ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր վրա վերցրեց հարվածն ու պատասխանատվությունը եւ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի արտահայտած մտքերի մի երկու լեվըլ ցածր մակարդակով արձագանքեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Դիտարկմանը, որ Արթուր Հովհաննիսյանը ողջ ընթացքում սպառնում էր Էդգար Ղազարյաին, թե «լեզուդ ու ականջներդ կկտրեմ», ինքը դրա մեջ ոչ մի պախարակելի բան չի տեսնում, սակայն անընդունելի է համարում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի վարքը, ով ընդամենը փորձում էր արգելել սպառնալիքներն ու հայհոյանքները, Աղազարյանն ասաց. «Այո, Թագուհի Թովմասյանը պարտավոր էր որպես հանձնաժողովի ղեկավար, օրինակ, ընդմիջում հայտարարել եւ կողմերին հրավիրել, այսպես կոչված, կոռեկտության»:
Հարցին, թե իրավական հի՞մք է նրան անվստահություն հայտնելու համար, ՔՊ-ականն արձագանքեց. «Դա չի, էլի պատճառներ կան: Առիթը հանձնաժողովի նիստն է հանդիսացել, բայց վաղը մյուս օրը, եթե հարցը հասնի տրամաբանական ավարտին, կբերեմ բոլոր հիմնավորումները, եթե իհարկե, խմբակցության իմ գործընկերները հավանություն տան այդ գործընթացին»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ նախագահի հրամանով անվտանգության աշխատակիցները ուժով Թագուհի Թովմասյանին հեռացրին ԱԺ ամբիոնից, որը հայտարարել էր, թե քաղաքական ակցիա է անում եւ չի հեռանալու ամբիոնից, Աղազարյանն ասաց. «ԱԺ նախագահը իրեն վերապահված լիազորությունների սահմաններում պարտավոր է ապահովել ԱԺ նիստերի նորմալ ընթացքը»:
Հիշեցմանը, որ 2018-ին ՔՊ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից գունավոր ծխով ճայթուկներ վառեցին, Աղազարյանն ասաց, որ նրանք վառելուց հետո գնացին իրենց տեղը նստեցին, ԱԺ աշխատանքը շարունակվեց: Այս դեպքում Թագուհի Թովմասյանը չէր ուզունմ, որ ԱԺ աշխատանքները շարունակվեն»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը։
Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ նախաձեռնել է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց` հիշեցնելով, որ այդ մասին հայտնել է դեռ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որտեղ ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։
«Այդ հարցն առաջիկայում կդառնա խմբակցության քննարկման առարկա: Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս «շոուն»` հետապնդելով 2 նպատակ։ Մի դեպքում ճնշում գործադրել մեր խմբակցության որոշ գործընկերների վրա, թե տեսեք, ես խոսեցի, դրանից հետո իմ նկատմամբ նման բան արեցին, երկրորդ տարբերակ` հանրությանը ցանկանում էր ցույց տալ, որ ինքն այդքան համարձակություն ունի», -ասաց Աղազարյանը:











