Մենք մեր զորակցություն ենք հայտնում Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը եւ ցանկանում ենք ասել, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը  պաշտպանում է ձեզ, ձեր տեսակետները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Այն տեսակետները, որ հնչեցնում է օրվա իշխանությունը, ըստ որի, Ացրախն իրենք տեսնում են Ադրբեջանի կազմում, հարցականի տակ են դնում ՀՀ ինքնիշխանությունը, չի ընդունվում Հայաստանի ճնշող մեծամասնության կողմից: Այդ տեսակետը լեգիտիմ չէ, մեր ժողովրդի 90 տոկոսը պաշտպանում է այն տեսակետը, որը մենք ենք ներկայացնում: Այս խզումը, որ առաջացել է լեգիտիմության ճգնաժամի պատճառով, քաղաքական դաշտում պետք է հանգուցալուծում ստանա»,-ասաց նա:

Անդրանիկ Թևանյանը իշխանությանը մեղադրեց 2018-ին տված խոստումները չկատարելու մեջ եւ հայտարարեց, որ գործող իշխանությունը բարեփոխումներ չի իրականացրել:

«Ազատ ու երջանիկ մարդը, որպես կանոն երկար է ապրում: Փաստն այն է, որ 2018-ից հետո մեր քաղաքացիների կյնքի միջին տեւողությունը պակասել է ավելի քան 3 տարով՝ դառնալով 72,4, որը աշխարհի միջինից ցածր  ցուցանիշ է:

Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը: Փաստն այն է, որ 2018-ին աղքատ էր մեր բնակչության 23.5 տոկոս, իսկ 2021-ին այդ թիվն աճել է ու դարձել 26.5 տոկոս: Ծայրահեղ աղքատները 2018-ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ 2021-ին՝ 1.5 տոկոսը: Դա նշանակում է, որ սոված է քնում հպարտ որակված շուրջ 45 հազար քաղաքացի», - հայտարարեց Թևանյանը:

Պատգամավորը հիշեցրեց վարչապետի խոսքերը՝ «մարդը տուգանքի մատերիալ չէ, թալանի մատերիալ չէ»: Թևանյանը կարծում է, որ հիմա մարդիկ «թալանվում են» նաև խանութներում, բանկերում և ԿԲ-ի փոխարժեքային քաղաքականության միջոցով: Նա դրամի արժևորումը համարեց այդ «թալանի» տարատեսակներից:

«Ռելոկանտները փախչում են այստեղի թանկությունից հարեւան երկրներ, տուժում է ներքին տուրիզմը: Էժան դոլարից վնասվում են արտահանողները, ՏՏ ոլորտի աշխատակիցները, դրսից տարադրամով մասնավոր գումար ստացողները: Մարդիկ և դոլարը մանրելիս են «գրպանահատության» ենթարկվում, և դրամով թանկ ապրանք գնելիս: ԿԲ-ն վիճակը բացատրում է դրսից տարադրամային ճնշումներով, բայց դա ընդունելի չէ: ԿԲ-ն ունի բազմաթիվ գործիքներ, և այդ գործիքներով չպետք է թույլ տար այսպիսի «թալան»,-ասաց Թևանյանը:

Նա նաև հիշեցրեց պատերազմի, պատերազմում հազարավոր զոհերի, գերիների մասին: Ըստ նրա՝ այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի սխալները. «Եթե Փաշինյանի տեղը բանիմաց ղեկավար լիներ, բանակցությունները չէին տապալվի եւ պատերազմ չէր լինի»:

Անդրադառնալով թոշակառուներին, Թեւանյանը նկատեց, որ 2022-ին գներն աճել են 8,1 տոկոսով, մ,ինչդեռ միջին կենսաթոշակն աճել է 2700 դրամով կամ  6,2 տոկոսով:

Ընդդիմություն աշխատելու տարիներին այսօրվա իշխանությունները հայտարարում էին, որ գազի, հոսանքի, ջրի, տարատեսակ ապրանքների գները բարձր են ու ժողովուրդը թալանվում է, քանզի կան  մենաշնորհներ եւ օլիգարխիա: Դատելով այսօրվա անվերջ թանկացումներից, հիմա իրենք են օգտվում այդ ամենից՝ վերածվելով հեղափոխական օլիգարխիքյի կամ նորաթուխ Զիմզիմովների»,-հայտարարեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ  ԱԺ ամբիոնից հնչել են հակապետական, հակասահմանադրական հայտարարություններ։

«Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում էր տխրահռչակ Ջոն Բոլթոնի խոսքերը՝ պատմական կարծրատիպերից հրաժարվելու, հակառուսական և հակաիրանական գործիք դառնալու թեմայով։ Դրանք ինքնախոստովանական հայտարարություններ էին, որոնց շրջանակներում Ադրբեջանին առաջարկվում էր Արցախը՝ Հայաստանի անկախության ու 29,800-ի «կադաստրային թղթի» ճանաչման դիմաց»,-ասաց Թևանյանը։

Իր խոսքի ավարտին, հայտարարելով, որ հեղափոխությունը դեռ առջևում է, որը հնարավոր է  հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով, պատգամավորն ասաց, որ դրա մե մեջ տեսնում է նաև «Քաղաքացիական պայմանագրի» այն շարքային անդամներին, որոնց նպատակը 2018-ին Արցախն Ադրբեջանին հանձնելը չէր, Հայաստանի կործանումը չէր և երկրում առկա արատավոր երևույթները խորացնելը չէր։

«Մեզ պետք է իսկական հեղափոխություն, հեղափոխություն, որը կապահովի իրակա՛ն զարգացում, կբերի իրակա՛ն արդարություն, իրակա՛ն հաղթանակ, իրակա՛ն խաղաղություն։ Այսինքն կբերի այն, ինչին սպասում է մեր ժողովուրդը»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։