Ակադեմիական ինստիտուտները բուհերին միացնելը կբերի Ակադեմիայի վերջնական վերացմանը, ինչը տեղի ունեցավ Վրաստանում, Ղազախստանում: Այս մասին ԳԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա դժգոհեց, որ կա իդեա ֆիքս, թե ԳԱԱ-ում մարդիկ գալիս սուրճ են խմում ու տուն գնում, իրենց գործառույթը չեն կատարում. «Մեր հրատարակած հազարավոր հոդվածներով ամբողջ ինտերնետը հեղեղել ենք: Փնտրում ես Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիա էջը, երկրորդը տողով բերում է «պատմության կեղծումներն Ադրբեջանում»: Դա մենք ենք արել:
Այսօր Ակադեմիան խոսում է կարեւոր խնդիրներից մեկի մասին, որ Արցախն է, շրջափակված Արցախի մասին, որ ամեն օր ցեղասպանության վտանգի մասին է խոսում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է թերացել գիտությունների ակադեմիան: Ես շատ եմ վախենում, որ վաղը հայտարարեն՝ Ակադեմիայի ընդհանուր ժողովն էլ հավանություն տվեց ակադեմիական ինստիտուտները բուհերին միացնելու ծրագրին: Ես այդ կարծիքին չեմ եւ խնդրում եմ՝ վաղը չասեք, որ ակադեմիան դրան այո է ասել»:











