Մինչև 2018 թ. Սյունիքի մարզում տասնյակ գյուղեր դատարկվել են և բոլորը գիտեն դրա մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքի մարզում 2018թ. մինչև օրս Կառավարությունը ներդրել է 100 մլրդ. դրամ: Ոչ մի մարզում մենք ավելի շատ ներդրում չենք արել, որքան արել ենք Սյունիքի մարզում:
Որևէ մեկը հաշվել է, թե մինչև 2018թ. Սյունիքի մարզում քանի հայկական գյուղ է դատարկվել... ֆիզիկապես... տասնյակ գյուղեր դատարկվել են, և բոլորը գիտեն դրա մասին»,-ասաց Փաշինյանը
Նա հայտնեց, որ կառավարության կատարողականի քննարկման ժամանակ խոսվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած մեծ հարկերի մասին և հարց հնչեցրեց, թե դրանից առաջ ո՞ւր էին այդ հարկերը:
«Ասում են՝ խոստումները չեք կատարել: Կապանում մենք խոստացանք, ասինք՝ հերիք եղավ, բոլ եղավ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի ժողովուրդն՝ ի դեմս կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու: Երբ, որ այդ մասնաբաժինը ստացվեց և հերթով այդ կոռուպցիայի կռանիկները փակվեցին, մի հատ կուսակցություն կար այստեղ, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին: Ինչո՞ւ, որովհետև նրանց դարդն ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէր, այլ էդ ԶՊՄԿ-ից եկող ծորակիկներն էին, որոնցից սնվում էին: Կտրվեց ու նրանք էլ քաղաքականությամբ չեն զբաղվում: Հիմա փորձ են անում փախցրած մի քանի մլն դոլարները թաքցնեն, որ վայելեն: Չմտածե՛ք, դրանց հետևից էլ ենք գալու»,-հայտարարեց Փաշինյանը:
«Այսօր մենք Սյունիքում 40 կրթահամալիր ենք կառուցում: Էն, որ ասում եք՝ մեր երեխեքը, մեր երեխեքը: Ձեր երեխեքը եվրոպաներում, այստեղ էլիտար դպրոցներում սովորել են, իսկ մերը հովիվ էին ու բան էին...»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ Գեղամ Նազարյանի ելույթը լսել է և հույս ուներ, որ նա կանդրադառնա մի թեմայի, որը կառավարությունն իրականացրել է նաև իր առաջարկությամբ: Փաշինյանը ճշտեց, որ խոսքը վերաբերում է ծրագրին, որով 16 մլն դրամ է պետությունը տալիս սահմանամերձ, այդ թվում՝ Սյունիքի գյուղերում, տուն կառուցելու համար և 5-10 տարվա ընթացքում փակում է այդ գոմարը և տոկոսները:
Փաշինյանը ընդունեց, որ ամեն ինչ հարթ չէ և ճիշտ են նաև ընդդիմադիրները, որ խնդիրներ կան:











