Այն, որ գիտությունը եւ կրթությունը պետք է միավորված և ինտեգրված լինեն, դրանում ոչ մի կասկած չկա, և ամենակարեւոր խնդիրը տվյալ պարագայում այդ երկու բնագավառների համակցությունն է որոշակի ծրագրի, հստակ մշակված քայլերի համատեքստում: Այս մասին NEWS.am—ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, խոսելով ակադեմիական ինստիտուտների եւ բուհերի հնարավոր միավորման մասին։

«Եթե մենք իմանանք այդ քայլերի տրամաբանությունը, որով միավորվելու են գիտությունն ու կրթությունը, իհարկե անհրաժեշտ է գնալ դրան՝ հանուն հայկական պետականության ընդհանուր շահի: Բայց քանի դեռ չկա հստակ ճանապարհային քարտեզ, մենք չենք պատկերացնում՝ ինչ է ենթադրում բուհի եւ ակադեմիական համակարգի ընդհանրությունը և ինտեգրումը», – ասաց նա։

Ըստ ինստիտուտի տնօրենի՝ ԳԱԱ-ն այսօր բավականին մեծ գործունեություն է ծավալում, որը նաեւ որոշակիորեն միջազգայնորեն ընդունված է: Կան նաեւ բազմաթիվ խնդիրներ:

«Մենք անպայմանորեն պետք է մեր ուշադրությունն ուղղենք այդ խնդիրները լուծելու եւ թերությունները վերացնելու վրա եւ չանենք այնպիսի քայլեր, որոնք կարող են բերել այդ ամբողջ համակարգի քայքայմանը:

Եթե Ակադեմիական քաղաքը ենթադրում է եվրոպական ակադեմիական քաղաքի նմանությամբ, ապա դա փայլուն կլինի: Ես 7 տարուց ավելի ապրել եմ ակադեմիական համալսարանում Գերմանիայում և գիտեմ, թե ակադեմիական քաղաքը և ակադեմիական միջավայրը ինչ փայլուն միջավայր է: Խնդիրը նրանում է, թե արդյոք մենք կարող ենք ստեղծել այդպիսի ակադեմիական միջավայր այսօրվա մեր պայմաններում: Եթե մենք իրոք կարող ենք ստեղծել եւ կա ճանապարհային քարտեզ, եկեք միավորվենք եւ դա ստեղծենք:  Բայց, եթե չկա ճանապարհային քարտեզ եւ մենք Ակադեմիան պիտի վերացնենք՝ գնալու այդ քայլին, դա իհարկե տրամաբանություն չի պարունակում իր մեջ», – ասաց նա։