Հայաստանի քրդական համայնքն ամեն տարի գալիս է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Վերջին 5 տարիներին ամեն տարի ունենում ենք պատվիրակություն իրաքյան քուրդիստանից: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Զագրոս» քրդական պաշտոնաթերթի պատասխանատու խմբագիր Լիանա Մհոյանը:
«1915-ին տեղի ունեցավ ցեղասպանություն, 2020-ին տեղի ունեցավ ցեղասպանություն եւ տասնամյակներ շարունակ քուրդ ժողովրդին կոտորում է Թուրքիայի պետությունը: Մենք պետք է համախմբվենք, որ կարողանանք այս վայրագությունների դեմն առնել»,-ասաց նա:
Անդրադառնալով խաղաղության օրակարգին, Լիանա Մհոյանն ասաց. «Եթե անկեղծ, չեմ պատկերացնում, որ կարող է լինել խաղաղություն, որովհետեւ մենք խոսում ենք Թուրքիայի իշխանության մասին: Էրդողանի վարած քաղաքականությունը միշտ ցեղասպան քաղաքականություն է եղել: Քանի դեռ Էրդողանը ղեկավարում է Թուրքիան, չեմ կարծում, որ խաղաղության մասին կարող է խոսք լինել:
Թուրքիայի գործող իշխանությունը պատուհաս է դարձել աշխարհի գլխին եւ չի բացառվում, որ Քըլըչդարօղլուի հաղթելու դեպքում, Թուրքիայի քաղաքականությունը փոխվի: Ես կարծում եմ, որ հնարավոր է, որ Թուրքիայում լինի իշխանափոխություն: Վերջին երկրաշարժն էլ նպաստեց դրան:
Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիայի իշխանությունը: Եթե Էրդողանը չընտրվի, Ադրբեջանը կկորցնի իր հովանավորին, իր եղբորը»:
Նշենք, որ Թուրքիայում ընտրությունները նշնակված են մայիսի 14-ին:











