Նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը պարբերաբար խախտում է իր ստանձնած պարտավորությունները, դիմում է տարբեր սադրանքների եւ մնում անպատիժ. Նրա բոլոր լկտի քայլերն արժանանում են Ռուսաստանի լուռ համաձայնությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը նախօրեին անցակետ է տեղադրել Հակարի կամրջի վրա:

Հարցին, թե ով պետք է Ադրբեջանին պատժի, նա պատասխանեց. «Նրանք, որոնք ստանձնել են երաշխավորել, ով այնտեղ ռազմական ուժով ներկա է՝ Ռուսաստանը: Ես տեսնում եմ, որ ՌԴ-ն կամ չի կարողանում, կամ չի ցանկանում սանձել Ադրբեջանին: Նրանք շատ լավ են հասկանում, որ այս պահին Հայաստանը բավարար ռազմական կարողություններ չունի ուժային ճանապարհով կանխել այդ սադրանքները եւ օգտվում են դրանից»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ելքերին, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Ես լուծումը տեսնում եմ նրանում, որ մենք պետք է քայլ առ քայլ մեր ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ վերականգնելու ուղղությամբ աշխատենք, որովհետեւ վերջին հաշվով դա է դեր կատարելու: Ինչպես նաեւ չապավինել ՌԴ ուժերին, ստեղծել համապատասխան միջազգային  քաղաքական ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ:

Մենք պետք է նախ մեզ ապավինենք, պետք է ճիշտ հաշվարկենք մեր կարողությունները, ելնելով այդ կարողություններից դիմել համապատասխան քայլերի: Պետք է համագործակցությունը, այն միջազգային հանրության հետ, որը ի զորու է քաղաքական ճնշում գործադրել, խորացել: Դա կարող է եւ արդյունք չտալ, բայց դա այլընտրանք է»:

Հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանն Արցախի համար, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Երեք ճանապարհ կա. առաջինը ներքին կարողությունների ուժեղացումն է, որը այս պառակտված, ցաքուցրիվ վիճակում դժվար է ապահովել: Շատերի համար այս խնդիրը առիթ է իշխանությունը զավթելու համար, մի մասի համար դա առիթ է հաճոյանալու համար մի պետության, որը տեսնում ենք՝ ինչի է հանգեցնում: Ներքին կարողությունների հզորացման մեջ մտնում է նաեւ բանակի հզորացումը:

Երկրորդ ուղղությունը ռազմական ճանապարհով հարցի լուծումն է, բայց մենք չունենք դրա կարողությունը: Երրորդը միջազգային հանրության հետ համագործակցությունն է՝ ապահովելու համար անհրաժեշտ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա, որը մեր ցանկացած ծավալով չունենք, որովհետեւ միջազգային հանրություն էլ իր շահերն ունի Ադրբեջանի հետ: Այնպես չէ, որ մեր դարդով են ապրում: Ինչ-որ սահմաններ կան, որ չեն անցնում:

Այստեղ մենք արդյունք չենք գրանցել, բայց հաջողություններ ֆիքսել ենք: Հաագայի միջազգային դատարանի վճիռը կա, եւ Ադրբեջանը հանդես է գալիս այդ վճիռն արհամարհող պետություն: Դա անհետեւանք չի կարող մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում երկու անգամ հարցը քննարկվել է Լաչինի միջանցքի փակման եւ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված: Մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Արցախը չի կարող մնալ հայկական: Ընդհակառակը, ասվում է, որ ամեն ինչ ենք անելու, որ Արցախը մնա հայկական: Բայց մենք չենք ուզում այդ հարցադրումը ներկայացնենք աշխարհին որպես հողային պահանջ Ադրբեջանից: Մենք դա ներկայացնում ենք որպես մարդկային իրավունքների պահանջ, որն ընկալելի է: Հայաստանի քաղաքականությունն ուղղված է կանխելու Արցախի հայաթափումը:

Ի՞նչ է ասում մեր այսպես կոչված, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Լավրովը վերջերս ասաց՝ թույլ տալ արցախցիներին իրենց գյուղերում, քաղաքներում հայերեն խոսել: Պուտինն էլ վաղուց ասել է, որ Արցախը Ադրբեջան է:

Մենք ասում ենք, որ Արցախցիների իրավունքների երաշխավորման միջազգային մեխանիզմներ պետք է լինեն: Մենք ասում ենք այդ երկխոսությունը պետք է կայանա միջազգային ուժերի ներկայացուցիչների հետ համատեղ»: