Ժամանակին, երբ ես արձանների թեմայով մտածում էի, արձանագրեցի, որ մեզ մոտ թագավորների արձաններ չկան, անգամ թագավորների անունով փողոցները շատ քիչ են: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ Վանո Սիրադեղյանն էր քաղաքապետ, Ամիրյանի փողոցն անվանեց Վռամշապուհ արքայի փողոց: Ժողովուրդը բողոքեց, էլի փոխվեց Ամիրյան:

Մեր պատմության մեջ հստակ արձանագրված է, որ հայոց գրերը ստեղծել են Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը: Սա ճշմարտություն է, բայց սա ամբողջ ճշմարտությունը չի: Այն, որ Վռամշապուհ արքան հրավիրեց եւ պետության անունից խնդիր դրեց, դա կողք է դրվել, որովհետեւ դա հայրենասիրության մոդելի մեջ նրանք, ովքեր ստեղծում են այդ մոդելը, ձեռնտու հատված չէր:

Այսինքն հայրենասիրության այդ մոդելը մամլիչով ծռում է եւ ամեն ինչ դնում իր տեղը: Մենք անընդհատ դրա համար վճարում ենք պետության շահով: Մենք գրեթե երբեք չենք առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել: Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Դա հեշտ ճանապարհ չի, շատ բարդ է:

Սա անկյունաքարային, խաչմերուկային հարց է: Էս խաչմերուկում կանգնած ենք, թե որ ուղղությամբ կշարունակենք, դրանից կախված է՝ մենք պետություն կունենանք, թե չենք ունենա»,-հայտարարեց Փաշինյանը: