Շատ վատ եմ գնահատում, որ զինված ուժերի առջեւ խնդիր դրված չէ, կամ դրված է այն մակարդակով, որն ի զորու չեն իրականացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին:

«Կամայական կարգի հրամանատար՝ սկսած ջոկի հրամանատարից, հասկանում է, որ իր ենթակային խնդիր կարող է առաջադրել այն  տրամաբանության մեջ, որն ի զորու լինեն կատարել: Եթե  խնդիր առաջադրված է եղել  ու ի զորու չեն եղել կատարել, դա խնդիրը առաջադրողի պրոբլեմն է: Եթե խնդիր առաջադրված չի եղել, այդ դեպքում ով էր խնդիր առաջադրողը եւ ինչու չի առաջադրել, որտեղից էր սկսում այդ չառաջադրելու թելը: Ես չգիտեմ՝ խնդիր չի՞ առաջադրվել, թե՞ առաջադրվել  է ու չեն կատարել», - ասաց նա:

Տիրան Խաչատրյանի խոսքով՝ լուծման տարբերակներց մեկն էլ ադրբեջանցիներին ուժով շպրտելն է. «Իհարկե, կան քաղաքական, դիվանագիտական մոտեցումներ, որոնց կիրառումը պարտադիր պահանջ է ու երբևէ որևէ մեկն, առավել ևս զինվորական, միանգամից չի գնում այն քայլին, որը կտանի բախման, էլ չեմ ասում՝ լայնամասշտաբ պատերազմի: Բայց եթե  քաղաքական ու դիվանագիտական տարբերակները չեն աշխատում ու կա խնդիր, որ սա մեր տարածքն է ու մեզ վստահված  պատասխանատվության տեղամասը, որի համար ես կյանքով պատասխանատվությում եմ կրում, պետք  գնալ դրան», - ընդգծեց Խաչատրյանը: